Արցախը, թեկուզ ծվատված, ունի պետականություն, նրա անկախությունն անվիճարկելի է. Թովմասյան
30 տարի առաջ այս օրը՝ 1991թ. դեկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների արդյունքում կազմավորվել է նորաստեղծ հանրապետության օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, որը 1992 թվականի հունվարի 6-ի անդրանիկ նիստում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ելնելով ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրավունքից, հենվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ազատ կամքի վրա։ Այս մասին ասված է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմավորման 30-ամյակի առիթով ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձում:
"Այս առիթով ջերմորեն շնորհավորում եմ օրենսդիր մարմնի բոլոր գումարումների նախագահներին, փոխնախագահներին, հանձնաժողովների նախագահներին և խմբակցությունների ղեկավարներին, պատգամավորներին և մաղթում առողջություն, խաղաղություն, արժանապատիվ ապագա։
Անկախության հռչակագրին Ադրբեջանը պատասխանել է երեք պատերազմով։ Արցախյան առաջին պատերազմին զինվորագրվել և իրենց կյանքն են զոհաբերել Գերագույն խորհրդի առաջին գումարման 11 պատգամավոր։ Հավերժ փառք նրանց և հայրենիքի համար նահատակված բոլոր քաջորդիներին, խոնարհումս նրանց սուրբ հիշատակին։
ԼՂՀ գերագույն խորհրդի 30-ամյակի առթիվ Արցախի խորհրդարանը նպատակ է ունեցել դեկտեմբերի 28-ին հատուկ նիստ հրավիրել, սակայն Հանրապետությունում տարածված համավարակի և հայտարարված համապետական կարանտինի պատճառով նիստ չի գումարվել։
Մեր օրերում Արցախը, թեկուզ ծվատված, ունի պետականություն, իսկ նրա անկախությունն անվիճարկելի է։ Հակամարտության վերջնական լուծման կողքին անվերապահորեն դրված է նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և նրա սահմանների խնդիրը:
Պատմության քառուղիներում մաքառած հայ ժողովրդի գոյությունն ու փրկությունը մշտապես պայմանավորված էր հայության համախմբվածությամբ և միակամությամբ։ Մեր ապրելակերպով և հաստատակամությամբ պետք է տեր կանգնենք ճակատագրորեն մեզ վիճակված հայրենիքին և հետևողականորեն պայքարենք մեր իրավունքների պաշպանության համար։ Մեր կամքն ու նպատակները անշեղելի են և ենթակա չեն զիջման։
Համայն հայությանը միասնականության, փոխըմբռնման և հանդուրժողականության կոչ ենք անում"։