Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բրյուսելում կայացած բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին, ինչպես նաեւ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի» եւ Լաչինի միջանցքի անցագրային ռեժիմները պետք է համընկնեն, այլապես Ադրբեջանը նույնպես մաքսային կետեր կհաստատի Լաչինի միջանցքում:
«Ես կարող եմ ասել, որ այն ամենը, ինչ կապված է երկաթուղային հաղորդակցության հետ, այն նախաձեռնությունները, որոնք ընթանում են Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքում, նրանք զարգացնում են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները 2021 թվականի նոյեմբերի 26-ին։ Նրանց առարկայական քննարկումը շարունակվում է եռակողմ աշխատանքային խմբի գծով՝ փոխվարչապետների համանախագահությամբ։ Ես կցանկանայի նաեւ հիշեցնել, որ այդ մեխանիզմի շրջանակներում քննարկվում է Հարավային Կովկասում տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ամբողջ համալիրը, ներառյալ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոտրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում: Ինչպես, ըստ էության, պայմանավորվել են պետությունների ղեկավարները Սոչիում, մենք գործ ենք վարում կոնկրետ տրանսպորտային նախագծերի շուտափույթ գործարկման համար։ Անշուշտ, իրենց աշխատանքի արդյունքների մասին աշխատանքային խմբի ներկայացուցիչները կտեղեկացնեն լրատվամիջոցներին։
Ինչ վերաբերում է հայտարարություններին, որոնք արվում են, նրանք բոլորն էլ, ինձ թվում է, պետք է ունենան մեկ նպատակ, ինչի մասին մենք խոսում ենք։ Նրանք պետք է աշխատեն այդ արդյունքին հասնելու, համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար»,- հայտարարել է Զախարովան ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով VERELQ-ի հարցին։
VERELQ-ի թղթակցի դիտարկմանը, թե Իլհամ Ալիևի հայտարարությունները չեն նպաստում այդ մթնոլորտի ստեղծմանը, Զախարովան պատասխանել է. «Հասկանում եք, ասել, որ մենք խնդիրներ չենք արձանագրում, չի կարելի։ Մենք ոչ միայն ֆիքսում ենք, մենք նրանց հետ աշխատում ենք։ Բայց, այնուամենայնիվ, ինձ թվում է, շատ կարեւոր է, որ պետք է ստեղծել եւ ձեւավորել համապատասխան մթնոլորտ: Մենք տեսնում ենք այս ամենը, մենք բոլորս արձանագրում ենք, մենք բոլորս հասկանում ենք դա, մենք բոլորս վերցնում ենք կողմերի հետ աշխատելու գործընթացը, խոսում ենք առանձին-առանձին, կոլեկտիվ եւ այլն: Բայց, իհարկե, մենք ձեզ հետ տեղեկատվական ոլորտում պետք է ցույց տանք, որ կան նաև դրական պահեր, այլ ոչ թե անվերջ խնդրահարույց հարցերը որպես հիմնարար հարցեր դնենք, և մնացածը՝ կախված դժվարություններից»։