24.11.2024
Վանաձորի ավագանու նիստը չկայացավ. քաղաքապետի ընտրությունը հետաձգվեց
prev Նախորդ նորություն

Շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ շտապ օգնության կանչերում։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առավել բարձր ակտիվություն է արձանագրվել Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում։

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 2․2 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 2 անգամ։ Ըստ տարիքային խմբերի վերլուծությունը փաստում է, որ հիվանդացությունն առավել բարձր է՝ մինչև 4 և 5-14 տարեկանների շրջանում։

Դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերջին 4 շաբաթվա ընթացքում լաբորատոր հաստատվել է գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 76 դեպք, որից 30-ը՝ հղիների շրջանում։
Առողջապահության նախարարությունը հորդորում է`

պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,

խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

հագնվե´ք եղանակին համահունչ,

պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

հետևե´ք անձնական հիգիենային։

Հիշեցում. Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները անվճար են, կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով: