Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների արտաքին քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարները:
Վարչապետ Փաշինյանը նշել է.
«Սրտանց ողջունում եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի բոլոր մասնակիցներին։
Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին` ավանդական ջերմ ընդունելության համար:
Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ չնայած դժվարություններին, այսօր մեր երկրների հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ և հաջողություններ արձանագրել ամենատարբեր ոլորտներում։
2019 թվականին Վրաստանի հետ մենք հավակնոտ նշաձող սահմանեցինք՝ խնդիր դնելով երկկողմ առևտրաշրջանառության ծավալը միջնաժամկետում հասցնել տարեկան 1 միլիարդ դոլարի: Կորոնավիրուսի համավարակն արգելակեց այս գործընթացը, բայց հիմա, երբ սովորում ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, առաջարկում եմ վերահաստատել այս մտադրությունը, վարչապետ Ղարիբաշվիլիի հետ արդեն քննարկել ենք և փորձելու ենք մինչև 2026 թվականը մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի:
Սա չափազանց կարևոր ու հավակնոտ խնդիր է, որը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ներդնել դրամատիկ ջանքեր: Ճիշտ է, այս տարվա առաջին 10 ամիսների մեր փոխադարձ առևտրի ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է նախորդ երեք տարիների տարեկան ցուցանիշը, բայց մենք դեռ շատ հեռու ենք 1 միլիարդի նշաձողից ու պետք է լրջորեն աշխատենք այս ուղղությամբ:
Մենք խորապես համոզված ենք, որ մեր տնտեսական համագործակցությունն ունի այսպիսի ներուժ, և մեր խնդիրն է նպաստել դրա լիարժեք բացահայտմանն ու կյանքի կոչմանը: Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը վերոնշյալի իրականացման լավագույն հարթակներից է և վերը նշված նշաձողին հասնելուն ուղղված կարևորագույն քայլերից է այն, որ հիմա արդեն հանձնաժողովը համանախագահում են երկու երկրների ղեկավարները, ինչը նույնպես աննախադեպ է:
Միջկառավարական հանձնաժողովի այս նիստի անցկացումը նախանշված էր դեռևս նախորդ տարի և տեղի չունեցավ համավարակով պայմանավորված, այդուհանդերձ երկկողմ շփումները թե՛ ամենաբարձր և թե՛ ոլորտային պատասխանատուների մակարդակով շարունակել են ընթանալ նախանշված դինամիկ ուղիով:
Այսօր մեր երկկողմ օրակարգը ներառում է բազմաթիվ ոլորտներ, իսկ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները նպաստում են մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանմանը, ինչի կարևորության մասին վարչապետ Ղարիբաշվիլին արդեն խոսեց: Ինչ վերաբերում է առևտրատնտեսական համագործակցությանը, ապա այս ոլորտում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ բնագավառներ:
Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության խորացման կարևորագույն նախադրյալներից է փոխվստահությունը, որը խարսխված է մեր ժողովուրդների պատմական եղբայրության վրա։
Մի փոքր շեղվելով պաշտոնական արարողակարգից, պիտի ընդգծեմ մեր հարաբերությունների մարդկային և էմոցիոնալ հարթությունը: Ընդ որում, սա վերաբերվում է ոչ միայն վարչապետ Ղարիբաշվիլիին և իմ հարաբերություններին, այլև մեր կառավարությունների բազմաթիվ անդամների հարաբերություններին: Հենց նոր հնչեցված այն թեզը, որ մեր ժողովուրդները դարերից եկող եղբայրական կապեր ունեն, այսօր, հենց հիմա արտահայտվում է մեր կառավարությունների ոչ միայն պաշտոնական, այլև մարդկային հարաբերությունների մակարդակում:
Կա մարդկային, անձնական լուրջ փոխվստահություն և հարգանք ու մենք պիտի արժևորենք ու ամրացնենք այդ վստահությունը և հարգանքը:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ղեկավարների հանդիպումները պարբերական են, և մենք հնարավորություն ենք ունենում անդրադառնալու երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգին։ Երկկողմ ֆորմատով Վրաստանի վարչապետի հետ մենք այս տարի հանդիպել ենք արդեն չորս անգամ: Նման դինամիկա մեր երկրների հարաբերությունների մեջ նախկինում երբեք չի եղել և մեր մեծագույն խնդիրն է այս ամենի արդյունքում տնտեսական փոխգործակցության նոր մակարդակ ձևավորել: Ուզում եմ ընդգծել նաև, որ մենք մեր քաղաքական հարաբերությունների ավանդական բարձր մակարդակն առավել ինստիտուցիոնալ դարձնելու կարիք և անհրաժեշտություն ունենք:
Հարգելի՛ ներկաներ,
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակության ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար և հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթել նիստի բոլոր մասնակիցներին:
Շնորհակալություն»: