Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները գտնվում է բարձր մակարդակի վրա, հպարտությամբ և հաճույքով ուզում եմ ասել, որ նման հարաբերություններ մեր երկրների միջև չեն եղել: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում։
«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ Վրաստանում, ողջունում եմ իմ բարեկամ վարչապետ Փաշինյանին Թբիլիսիում: Պարոն վարչապետ, սա այս տարվա ընթացքում Ձեր երկրորդ այցն է Վրաստան, գոհունակությամբ ուզում եմ նշել, որ ես ևս երկու անգամ եղել եմ Հայաստանում: Ուրախությամբ եմ նշում, որ մեր միջև առկա են սերտ համագործակցության, բարեկամության վրա խարսխված հարաբերություններ և այդ վերաբերմունքի համար շնորհակալություն եմ հայտնում:
Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Ձեզ նաև նրա համար, որ մեր նախաձեռնությամբ ու պայմանավորվածությամբ այսօր անցկացվող միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը տեղի է ունենում վարչապետների մակարդակով: Այս հանձնաժողովը վերսկսեց գործունեությունը Ձեր անձնական նախաձեռնությամբ, տարիներ շարունակ նիստեր չէին ընթանում:
Մենք շահագրգռված ենք, որ մեր միջև առկա շատ սերտ, բարեկամական հարաբերությունները նպաստեն իրական գործին` զարգացնելու առևտրատնտեսական կապերը, խոսելու տարածաշրջանային, ենթակառուցվածքների և այլ նախագծերի մասին, որոնք հետաքրքիր կլինեն մեր երկրներին:
Ցանկանում եմ նշել, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում է բարձր մակարդակի վրա, հպարտությամբ և հաճույքով ուզում եմ ասել, որ նման հարաբերություններ մեր երկրների միջև չեն եղել: Միշտ ունեցել ենք սերտ, բարեկամական հարաբերություններ, բայց մեր վաստակն է այն, որ մեր կառավարությունների, երկրների միջև ոչ մի չհասկացված հարց չկա, ունենք իդեալական հարաբերություններ:
Ցանկանում եմ նշել նաև, որ հետաքրքրված ենք տարածաշրջանային խաղաղությամբ ու կայունությամբ: Վրաստանը միշտ մոտիվացված է այս գործընթացում ստանձնելու կարևորագույն դերակատարություն և այդ նպատակով ես խաղաղ հարևանության նախաձեռնությունն եմ հնչեցրել: Պարոն վարչապետ, հաստատում եմ, որ մենք մշտապես պատրաստ ենք տարածաշրջանի մասշտաբով խաղաղության և կայունության զարգացման գործում մեր ներդրումը բերելու», - նշել է նա: