24.11.2024
Հարավային Կովկասի հարցով «3+3»-ի նիստը կարող է տեղի ունենալ Թուրքիայում. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Արցախում էականորեն մեղմացնում են կարանտինի պայմանները. Արտակ Բեգլարյան

Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնեմ, որ ԱՀ կառավարության որոշման նախագիծ է մշակվում՝ դեկտեմբերի 24-ից երկարաձգելու գործող կարանտինը, սակայն որոշ էական պայմանների մեղմացմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դեպքերի նշանակալի նվազումը և սահմանափակումների բացասական ազդեցությունը հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես, նախատեսվում է վերացնել հավաքների ու միջոցառումների համար գործող քանակական սահմանափակումը, ուսումնական հաստատություններում դասերը կանցկացվեն սովորական ռեժիմով ու լրիվ կազմով: Բացի դրանից, քննարկվում են տարբերակներ չպատվաստվածների համար կիրառվող թեստավորման պահանջում պարբերականության ու թեստի գնի իջեցում իրականացնելու վերաբերյալ: Երբ վերջնական որոշումը հաստատվի առաջիկա օրերին, նոր պայմանները կհրապարակվեն:


Ամեն դեպքում, ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման պահանջը և պատվաստման հորդորը: Ես ինքս բավարարված չեմ այդ երկուսի իրականացման մակարդակով, և խստիվ հորդորում եմ մեր քաղաքացիներին ուշադիր լինել սեփական ու շրջապատի մարդկանց առողջության ու կյանքի հանդեպ՝ պահպանելով անվտանգության կանոնները և պատվաստվելով: Խնդրում եմ նաև հանրային բարձր անհանդուրժողականություն ցուցաբերել Ձեր շրջապատում անվտանգության կանոնների չպահպանման դեպքերի հանդեպ, քանի որ դրանց հետևանքը կարող է մարդկային կյանք արժենալ, այդ թվում՝ Ձերը կամ Ձեր հարազատինը:


Ցավակցություններս այս ընթացքում կորուստներ ունեցած ընտանիքներին: