Վարուժան Ավետիսյան. Զինված խումբը չի հանձնվելու
Տեղեկատվությունը, թե մենք ասուլիս ենք հրավիրել զենքը վայր դնելու և հանձնվելու հայտարարությունն անելու համար բացարձակ կեղծիք է և հասկանալի է, թե որտեղից է այդ կեղծիքը գալիս: Այս մասին ՊՊԾ գնդի տարածքում հրավիրված ասուլիսում լրագրողներին ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
«Մենք զինված ապստամբություն ենք բարձրացրել, զենք ենք վերցրել այդ բանդայից մեր երկիրը ազատագրելու առաքելությամբ: Դա ենթադրում է մեր առաջին քայլը և մեր ժողովրդի ընդվզումը, որը դանդաղում է, ինչը պայմանավորված է մի շարք գործողություններով: Բայց անշեղորեն աճ կա»,- ասաց նա:
Նա նշել է, որ ինչպես ավելի վաղ հայտարարել էին, ազատ են արձակել բոլոր պատանդ ոստիկաններին և այս պահին իրենք այլևս պատանդ ոստիկան չունեն: Շարունակելով պատանդների թեման, նա ասաց, որ գրավել են ՊՊԾ գնդի տարածքը առանց որևէ մեկին պահելու մտադրության.
«Նման նպատակ մենք չենք ունեցել, ուղղակի ստեղծված իրավիճակում այդ մարդիկ հայտնվել են մեր տարածքում: Փուլ առ փուլ մենք ազատել ենք նրանց: Որոշակի պահից սկսած մենք հստակեցրեցինք մեզ համար, որ ոստիկանների ներկայությունը մեզ մոտ կապ չունի մեր քաղաքական նպատակների ու բարձրացրած ապստամբության հետ, և այդ հարցը տեղափոխեցինք մարդասիրական համատեքստ ու այդ համատեքստում էլ այն լուծեցինք»,- ներկայացրեց Ավետիսյանը:
Խմբի անդամի խոսքով` իշխանություններն անընդհատ փորձել են գրոհով վերցնել գնդի տարածքը, բազմաթիվ անգամ եղել են նախապատրաստական գործողություններ, որոնց չի հաջորդել բուն գործողությունը:
«Այստեղ ազատ Հայաստանի մի հատված է, որտեղ մեր կամքը գերիշխում է»,- հավելեց նա:
Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանին` հորդորելով վերջինիս վերջ տալ շարժումը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերի և առանց քաղաքական կուսակցության դրոշի լծվել կոլեգիալ մարմնով ժողովրդի ազատագրական պայքարը դրական հանգուցալուծման տանելու գործին:
«Խորենացի փողոցում լինելը մի բան է, լիդերություն անելը՝ այլ: Եթե լիդերության հարց կա, ապա մենք կարող ենք դա անել: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է այս նեխած համակարգի մեջ դառնալ ղեկավար կամ նախագահ, կամ որևէ մասնաբաժին, ապա մենք դրա ժամանակը չունենք»,- շեշտեց Ավետիսյանը:
Հիշեցնենք, այսօր ցերեկը զինված խումբ ազատ արձակեց հուլիսի 17-ից ՊՊԾ գնդի տարածքում պատանդ պահվող չորս ոստիկանների` մամուլի կետ ստեղծելու պայմանով: