Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների մեծ մասն անարդյունավետ եղան Իրանի Կենտրոնական բանկի (ԿԲ) ջանքերի շնորհիվ: Այս մասին հայտարարել է ԿԲ-ի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին: «Մեր ջանքերն անարդյունավետ դարձրեցին պատժամիջոցների մեծ մասը, եւ այժմ երկիրը բավարար օժանդակություն ունի տնտեսական պատերազմին դիմակայելու համար»,- նկատել է Հեմաթին: Նա ընդգծել է, որ «Իրանը գտնվում է բարդ իրավիճակում, թշնամիները փորձում են թուլացնել երկրի ժողովրդի համերաշխությունը»: Հեմաթին շնորհակալություն է հայտնել գործադիր իշխանությանը Կենտրոնական բանկին աջակցելու համար: «Լիազորությունների հաշվին, որոնք Կենտրոնական բանկին տրամադրել են իշխանության բոլոր երեք ճյուղերրը, մեզ հաջողվում է արդյունավետորեն գործել երկրի շուկայում»,- ասել է նա: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Հեմաթիին Կենտրոնական բանկի ղեկավար է նշանակել հուլիսի վերջին: Նշանակումը տեղի է ունեցել երկարատեւ արժութային ճգնաժամի ֆոնին: