29.09.2024
Ո՞րն է լինելու հաջորդ սահմանազատվող տարածքը․ ՄԱՄՈԻԼ
19.06.2024
Ո՞րն է լինելու հաջորդ սահմանազատվող տարածքը․ ՄԱՄՈԻԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում կրկին օրակարգ վերադարձրեց սահմանազատման թեման, որը ետին պլան էր մղվել Տավուշում զիջումների եւ սրբազան շարժման պատճառով։ Փաշինյանը կրկին խոսել է սահմանազատման մասին, չի թաքցրել, որ հաջորդը կարող է Սյունիքի մարզը լինել։ Նշել է, թե այդ որոշումը կայացնելու են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները՝ կանոնակարգի հաստատումից հետո։ Իսկ կանոնակարգի հաստատման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։ Իշխանական շրջանակներում ցնծություն է տիրում այս լուրից։ Բանն այն է, որ Տավուշից հետո հայտնի չէր, թե որտեղ են հաջորդը «սահմանազատելու»։ Եվ եթե դա արվեր, ասենք, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի հատվածներում, որտեղ մենք ունենք ստանալիք, իսկ դատելով Փաշինյանի՝ ամեն ինչ տալու պատրաստակամությունից, մենք ոչինչ չէինք ստանալու, ուստի չէր բացառվում, որ մարդիկ կրկին փողոց դուրս գային։ Մի նոր զիջումն իրավիճակը կարող էր անկառավարելի դարձնել, կայծից հրդեհ կբորբոքվեր, ուստի ՔՊ-ում ուրախ են, որ արդեն իսկ հանձնված ու բզկտված Սյունիքում է շարունակվելու սահմանազատումը, որտեղ Ադրբեջանը դժվար թե նոր պահանջներ ներկայացնի, ուստի հույս ունեն, որ ամեն ինչ սահուն կընթանա։ «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել՝ սիսիանցի աշակերտներին ասել է․ «Ուր գնում ենք, ասում ենք՝ եկեք խաչքար դնենք, խաչքար դնենք․․․ Ինչքա՞ն խաչքար դնենք․․․ Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր կապենք երեխաների ոտքից, ասենք՝ դե քարշ տվեք, որովհետեւ Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞»: Չի բացառվում, որ խաչքարերի նկատմամբ ատելությունն ու արշավն էլ Ալիեւի եւ մյուս հայատյացների թելադրանքով է։ Խաչքարը քեզ ի՞նչ է արել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանություններն այս օրերին, կարելի է ասել, տոնական տրամադրությունների մեջ են, քանի որ, ըստ նրանց, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը վերջնականապես «մարած» է: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թիմակիցների հետ Սյունիքի մարզի կիրակնօրյա հանդիպման ժամանակ ասել է, որ «Սրբազան շարժումը» իրենց համար արդեն սպառնալիք չէ, ամեն բան «կոնտրոլի» տակ է, ու, կարելի է ասել, շարժումը «պառակտել» են: Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը շատ բարձր տրամադրություն ունի, թիմի անդամների հետ արդեն շատ սիրալիր է ու բոլորին ակնհայտ ցույց է տալիս, թե ամուր կանգնած է` իշխանությունը իրենց ձեռքից չեն կարող խլել: Իշխանականներն էլ մեզ հետ մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ իրենք մտահոգություններ այլեւս չունեն, քանի որ ակնհայտ է, որ փողոց մարդ դուրս չի գալու ու Բագրատ սրբազանը այդ մի քանի հազար հոգով ի վիճակի չէ իշխանափոխություն իրականացնելու: Իսկ Բագրատ սրբազանը հակառակն է պնդում ու նշում, որ իրենք նոր ծրագրեր ունեն, նոր թափ է հավաքում շարժումը, որի մասին էլ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա կխոսի»: «Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում պատրաստվում են չորրորդ քաղաքական ժողովին, որն այս անգամ տարբերվելու է նախորդներից։ Կուսակցական կանոնակարգի համաձայն՝ քաղաքական ժողովներին մասնակցելու իրավունք ունեն միայն ՔՊ քաղաքական խորհրդի անդամները, այսինքն՝ կառավարության անդամները, ովքեր նաեւ կուսակցական են, ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները, խմբակցության քարտուղարը եւ տարածքային խորհուրդների նախագահները։ Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների կարծիքով, ներքաղաքական խառնակ ժամանակներում Նիկոլ Փաշինյանը զգուշավոր է դարձել եւ հոգատար կուսակիցների նկատմամբ, նրանց չի վերաբերվում իբրեւ ուսապարկերի, ամեն ինչ անում է, որ իրենից նեղացողներ չլինեն, թիմը չպառակտվի։ Հասկանում է, որ միակ հավատարիմ հենարանը երկրում մնացել է ՔՊ-ն։ Ուշագրավ է, որ շարքերին ծանուցել են՝ հունիսի 22-ին ժողով է լինելու, տեղի եւ ժամի մասին խոստացել են լրացուցիչ հաղորդել։ ՔՊ-ում կարծում են, որ ժողովից հինգ պակաս են հայտնելու տեղի մասին, որ խուսափեն արտահոսքերից ու տհաճ միջադեպերից։ Ասենք, նախապես հայտարարելու դեպքում սրբազան շարժումը հնարավոր է հարամի, գնա ժողովի վայր, ակցիաներ անի։ Թեեւ ակնհայտ է, որ գերագնահատում են ընդդիմությանը։ Սովորաբար այդ ժողովներն անցկացվում են քաղաքից դուրս։ Նախորդը տեղի էր ունեցել Գյումրիում՝ անցյալ տարվա դեկտեմբերին: Կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ, քննարկման օրակարգում լինում են տվյալ պահի առանցքային հարցերը, կամ, ավելի ճիշտ՝ Փաշինյանը քաղաքական «կռուտիտի» «լիկբեզ» է անում ՔՊ-ականների համար, թե որ հարցին ինչպես պատասխանեն դրսում։ Որոշումներ չեն ընդունում։ ՔՊ-ում նաեւ ԱԺ արտահերթ նիստ են նախատեսում, որը կհրավիրեն այդ ժողովից հետո, որպեսզի կիսատ-պռատ, մնացած նախագծերն ընդունեն։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 4-ին կկայանա Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության՝ «ընդդեմ Երեւանի ավագանու որոշման» գործով դատական առաջին նիստը: Խոսքը ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով որոշման մասին է: Այսպիսով՝ դեռ փետրվարի 7-ին կայացած նիստում Երեւանի ավագանին որոշեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության 2 անդամներին՝ Նարինե Հայրապետյանին եւ Սոնա Աղեկյանին զրկել մանդատից: Ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու համար քաղաքային իշխանությունները հիմք էին վերցրել նախագծերի քվեարկություններին չմասնակցելը. մինչդեռ նրանք խմբով էին բոյկոտել նիստերը՝ իբրեւ դժգոհության արտահայտում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտին հայտնել էր, որ «Մայր Հայստան» խմբակցությունը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելու Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու որոշումը, իսկ Նարինե Հայրապետյանի մասով թղթաբանական խնդիրներ էին առաջացել, քանի որ վերջինս երկրում չէր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 4-ին կայանալու է այս գործով առաջին նիստը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն թերեւս պետք է անվանափոխել՝ դարձնելով «ՀՀ քաղպայմանագիր կուսակցության կոորդինացիոն կենտրոն». ինչո՞ւ, քանի որ հերթական անգամ աչք է փակում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման վրա: Արգիշտի Քյարամյանն այդպես էլ չլսեց ու չտեսավ «ականջ ու լեզու կտրող» խուլիգանական վարքագծի հեղինակ, թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի հանցանքները: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հաղորդումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ ստուգման։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Արծվիկ Մինասյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։ Իսկ ինչ էր արել Արթուր Հովհաննիսյանը. մասնավորապես, նա մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից նշել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր՝ «կարմիր գծեր» անցնող հայտարարություններով ամեն ինչ անում է, որ եւս մեկ անգամ իր քթի վիրահատությանը «անդրադառնա»։ Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, վնասվածք էր ստացել նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի քիթը վիրահատեցին։ Եվ ահա, ըստ էության, Արթուր Հովհաննիսյանը միգուցե իր այս հայտարարությամբ փորձել է հասկացնել Գեղամ Մանուկյանին, որ «կարմիր գիծը» չհատի, այլապես քիթը կրկին կկոտրեն ու ստիպված կլինի երկրորդ անգամ այն վիրահատելու: Ինչպես է ստացվում, որ արցախցիների գործը վերծանում են, ծանր հանցանք նկատում, իսկ թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը որեւէ կերպ չեն քննում: «Հայաստան» խմբակցության պատգամավորները ակնհայտ սպառնալիքի մասով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, որն էլ դատախազությունը ուղարկել էր քննչական կոմիտե՝ հաղորդումը ստուգելու»։ Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ պարզեցին ստուգման արդյունքում: Ի պատասխան՝ հայտնեցին. «Հաղորդման առթիվ կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված հաղորդմամբ հնարավոր չէ որեւէ արարքի տալ նախնական իրավական գնահատական»։ Այսպիսով՝ հերթական ընտրովի արդարադատությանն ենք ականատես լինում։ Դեռեւս 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 4-ի նիստին տեղի ունեցած դեպքերի մասով դիմում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։ Դիմումի մեջ պատգամավորը նշել էր էր. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է օրենքով կրի իր բաժին պատիժը, քանի որ նա իր պահվածքով եւ գործունեությամբ խախտել է ՀՀ օրենսդրությունը, խաթարել հանձնաժողովի նիստի բնականոն ընթացքը: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով սահմանված արարք է դրսեւորել Արթուր Հովհաննիսյանը, երբ հնչեցրել է մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ պայմանավորված ՄԻՊ թեկնածուի հայացքներով (լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ եւ այլն), ոտնահարվել էին նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով՝ պաշտպանող անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ օգտագործելով իշխանական լիազորությունները, եւ, վերջապես, ակնհայտ դրսեւորվել էր նույն օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն»։ Սակայն քննչական կոմիտեն Արթուր Հովհաննիսյանի արարքին ընթացք չտվեց եւ քրեական պատասխանատվության չկանչեց՝ արդեն 2-րդ անգամ»: «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մեկի դեմ վարույթ է հարուցվել՝ աննախադեպ մեծ ծավալի չարաշահումների փաստով՝ մոտ 1 միլիարդի։ Իշխանությունները փորձում են կոծկել գործը։ Խոսքը Հովհաննես Մանուկյանի ղեկավարած ոլորտի մասին է, ով 2022 թ․ փետրվարից 1 տարի զբաղեցրել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնը, ապա նշանակվել «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն, ում շաբաթներ առաջ պաշտոնանկ արեցին։ Քրեական վարույթը վերաբերում է աղբահանության ոլորտին։ Դեռ 2 ամիս առաջ քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է արել աղբահանության ՀՈԱԿ-ում եւ հայտնաբերել լուրջ թերացումներ։ Վերահսկողականի պետն այդ բացահայտումների մասին զեկուցել է Տիգրան Ավինյանին՝ գործակարգավարականի ժամանակ, եւ դրանից հետո Մանուկյանն ազատվել է «Երեւանի ավտոբուս»-ի տնօրենի պաշտոնից։ Մեր աղբյուրի պատմելով՝ Մանուկյանն Ավինյանի մտերիմներից է, ընտրություններին «վիզ է դրել» նրա համար, սակայն այս չարաշահումների մասին սկսել են խոսել, եւ, առհասարակ՝ քաղաքապետարանը դարձել է կոռուպցիոն ամենամեծ ռիսկեր պարունակող հիմնարկը, եւ Ավինյանը որոշել է մեկին զոհաբերել՝ պայքարի իմիտացիա անելով։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականի սեպտեմբերի 8-ից Գեղարքունիքի մարզի մարզպետ նշանակված Կարեն Սարգսյանը 2023 թվականին միանձնյա սեփականությամբ նոր հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Ջրվերժ համայնքում, որի արժեքը կազմել է 12 մլն 500 հազար դրամ՝ գրեթե 32 հազար ԱՄՆ դոլար։ Նախկինում Հայաստանում որեւէ գույք չունեցող մարզպետը կառավարման 3 տարում 12,5 մլն դրամ արժողությամբ հողամաս է ձեռք բերել, ըստ ամենայնի, օգտագործելով մարզպետի իր հնարավորություններն ու կապերը (մանրամասները կպարզենք): Կարեն Սարգսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է նաեւ դեռ վաղեմի՝ 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունում գնված բազմաբնակարան շենքում գտնվող 1 բնակարան։ Այս բնակարանի ձեռքբերումը համընկել է Սարգսյանի արտագնա աշխատապքի տարիներին՝ 2009-ից 2015 թվականներին, երբ նա էլ շարքային «խոպանչի» էր ՌԴ-ում ու չէր էլ հարկվում հավանաբար։ Նկատենք, որ ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող Կարեն Սարգսյանը 2016 թվականից մինչ օրս՝ գրեթե 8 տարի, այդպես էլ չի կարողանում ավարտել Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժինը, քանի որ, ըստ կենսագրության, մինչեւ այսօր սովորում է այնտեղ, եւ ինչպես ինքը կպարզաբաներ՝ մարզպետ լինելուն զուգահեռ չի կարողանում ավարտել այն. այս հարցերի պարզաբանման նպատակով արված «Ժողովուրդ» օրաթերթի հեռախոսազանգերին Սարգսյանը չպատասխանեց: Նշենք՝ մարզպետ Կարեն Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 126 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն 500 հազար դրամ։ Գեղարքունիքի մարզի նախկին «խոպանչի» մարզպետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 976 հազար դրամ։ Կարեն Սարգսյանը Թռչուն Սարգսյանից նախորդ տարի ստացել է 700 հազար ռուբլի նվիրատվություն, որ համարժեք է 3 մլն եւ ավելի դրամի։ Ըստ մարզպետի կենսագրության՝ նախկին մարզական լրագրող Կարեն Սարգսյանն այսօր զբաղեցրած պաշտոնում ստանում է 13 մլն 952 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի, ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից հասկանում ենք, որ Կարեն Սարգսյանին պատկանող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 3 մլն 700 հազար ռուբլի՝ գրեթե 16 մլն դրամ։ Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 25-ին ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզպետ, 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի, 01 QA 110 համարանիշի եւ Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի, 36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկային: Պարզվել էր՝ Mercedes-ի վարորդը` մարզպետ Կարեն Սարգսյանը, եղել էր ոչ սթափ վիճակում: Ահա պետական պաշտոնյայի վարքագիծը. հարբած մեքենա է վարում, պաշտոնին զուգահեռ տարիներով իբր սովորում է Մոսկվայում, հող է գնում, որ հետո ասի՝ խոպանի փողերով տուն է սարքում ծնողների համար, ինչպես ՏԿՆ Գնել Սանոսյանը»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի` «ֆազի» սպանության բացահայտմանը նաեւ ներգրավվել է ազգային անվտանգության ծառայությունը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` վերջիններս օգնում են քրեական հետախուզությանը՝ սպանության բացահայտման համար:  Իրավապահ համակարգը քրեական հետախուզության ողջ կազմով վերջինիս հոգեհանգստի օրը եկեղեցին շրջափակած ու հսկողության տակ է առած եղել։ Այս ամենի պատճառներից մեկն այն է, որ սպանությունից անցել է 1 շաբաթից ավելի եւ այն բացահայտված չէ։ Armlur.am-ը գրել էր, որ ըստ նախնական վարկածի` Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկուսը։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը գողացված է եղել։ Ի դեպ, հայտնել էինք, որ Սերգեյ Գրիգորյանի գործով 2 տարի առաջ կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բանն այն է, որ 2022 թվականին Կենտրոնի դատարանում միջադեպ էր եղել, ու միջադեպի «հերոսներն» էին կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանը՝ «չաղ Ռուստամ» մականվամբ եւ Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ» մականվամբ։ Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում: «Ֆազի» և «չաղ Ռուստամի» կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո «ֆազը» դիմել էր փախուստի, իսկ «չաղ Ռուստամը» ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։ Քրեական գործ հարուցվեց, սակայն Ռուստամին չկալանավորեցին, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվեց. ավելի ուշ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նրան ազատ արձակեց՝ 2,5 միլիոն գրավի դիմաց: Իրավապահները դատավորի քայլը համարել էին ապօրինի, և Ալեքսանյանը կալանավորվել էր։ Ներկայումս դատավորն ազատության մեջ է, սակայն դատարանում քննությունը պաշտոնական լիազորությունների չարաշահման գործով դեռ շարունակվում է։ Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները. բայց սպանության բացահայտման տեմպերը հուսադրող չեն»: