29.09.2024
Ինչո՞ւ պայթեց Կատարի դեմ ուղղված «դիվանագիտական ռումբը»
06.06.2017
Ինչո՞ւ պայթեց Կատարի դեմ ուղղված «դիվանագիտական ռումբը»

Միջազգային մամուլը երկու օր է ակտիվ քննարկում է Պարսից ծոցում ծավալվող իրադարձությունները, երբ մեկը մյուսի հետեւից մի շարք արաբական պետություններ խզում են դիվանագիտական կապերը Կատարի հետ՝ վերջինիս դնելով առեւտրային, դիվանագիտական և քաղաքական մեկուսացման մեջ: Արաբական պետություններից այնպիսի տարածաշրջանային ծանրամարտիկներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, ԱՄԷ-ն ու Եմենը խզել են կապերը Կատարի հետ՝ արտաքսելով վերջինիս դիվանագետներին իրենց պետություններից և խզելով առեւտրային կապերն այդ պետության հետ: «Հակակատարական խոռին» միացել են նաեւ Սաուդյան Արաբայի ու Եգիպտոսի ազդեցության տակ գտնվող Լիբիայի անցումային կառավարությունը և Մալդիվները: Իրավիճակը բավականին լուրջ է, լարվածությունն աճում է: Le Figaro-ի բնորոշմամբ, սա Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների միջեւ վերջին 30 տարիների ամենածանր ճգնաժամն է: Ինչո՞վ է պայմանավորված Կատարի դեմ Ծոցի երկրների միասնական դիվանագիտական դեմարշը, ինչո՞ւ Պարսից ծոցում հենց հիմա պայթեց Կատարի դեմ ուղղված «դիվանագիտական ռումբը», ինչո՞ւ այն տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ծոցի երկրներ այցելությունից հետո, արդյոք այս հարցում դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ի գործոնը ու, վերջապես, Կատարի հարաբերությունները Ծոցի երկրների հետ կարո՞ղ են վերականգնվել: Եվս մեկ հարց՝ ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Իրանը Պարսից ծոցի տարածաշրջանում հարաբերությունների ճարտարապետության փոփոխություններում: Ահաբեկչության գործը՝ պատրվա՞կ, թե՞ իրական գործոն Կատարին ահաբեկչությանն ու ահաբեկիչներին սատարելու մեջ մեղադրանքներն այն էլ այնպիսի պետության կողմից, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, ոչ մի քննադատության չեն դիմանում: «Սա շատ լավ փաթեթավորված մեղադրանք է՝ ուղղված Կատարին, հատկապես այն երկրների կողմից, ովքեր աչքի էին ընկնում ահաբեկչական կառույցներին աջակցությամբ, օրինակ` Սաուդիան Արաբիան»,- նշում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Կատարը բնականաբար չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները: Ավելին՝ Դոհան իր հարեւաններին մեղադրում է իրեն հսկողության տակ պահելու ձգտման մեջ։ «Դրանք անհիմն ու չարդարացված» միջոցառումներ են՝ այսպես է Կատարի ԱԳՆ-ն արձագանքել իր հաղորդագրության մեջ։ Նրանք հստակ նպատակ են դրել՝ «Կատարին հսկողության տակ վերցնել, հետեւաբար խախտել նրա ինքնիշխանությունը», ինչը «միանգամայն անընդունելի է»։ Թերեւս ահաբեկչությանն աջակցելու վերբարյալ մեդարդանքներին ամենդիպուկ պատասխաններից մեկը տվել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ ջավադ Զարիֆը: Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մշտական մեղադրանքներին առ այն, որ Իրանը հովանավորում է միջազգային ահաբեկչությունը, Զարիֆը «Նյու-Յորք Թայմսում» հրապարակած իր հոդվածում պատասխանում է հետևյալ կերպ. «ԱՄՆ-ում երեւի մոռացել են, թե որտեղից էին սեպտեմբերի 11 ահաբեկչության իարկանացնող 15 ահաբեկիչներից 11-ը»՝ ի նկատի ունենալով Վաշինգտոնի դաշնակից Սաուդյան Արաբիային: Ինչեւէ, արաբագետ Սագիս Գրիգորյանը կարծում է, որ կարճաժամկետ հեռանկարում Կատարի հետ հարաբերությունների խզումը կարող է տնտեսական, քաղաքական բացասական հետևանքների բերել՝ գազի, նավթի գների աճ: «Սակայն երկարաժամկետ հեռանկարում, գտնում է, որ շատ դժվար կլինի լարված պահել Կատարի հետ հարաբերությունները», - նշում է նա: Ծոցի տարածաշրջանում կտրուկ փոփոխություննը Սարգիս Գրիգորյանը կապեց նաև արաբական միապետություններում տեղի ունեցող սերնդափոխության հետ, քանի որ գալիս են նոր լիդերներ: «Ընդհանուր առմամբ, պետք է հարմարվել տարածաշրջանի նոր իրողություններին»,- նշում է նա՝ հավելելով, որ լուրջ վերադասավորումներ, ամեն դեպքում, չեն լինի: Պատճառն ամբիցիաներն են Իրանը Փորձագետների կարծիքով Կատարի դեմ ուղղված գործողությունների հիմնական պատճառը Իրանի հետ այդ երկրի ունեցած բարիդրացիական հարաբերություններն են, ինչպես նաեւ Դոհայի ձգտումները՝ ավելացնել իր քաղաքական կշիռը Ծոցի երկրների շրջանում: «Արաբական երկրների կողմից Կատարիհետ դիվանագիտական կապերի խզումն ուղղված է Իրանի դեմ եւ լրջագույն լարվածություն է մտցնում այս տարածաշրջանում», - կարծում է Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արաբագետ Դավիթ Հովհաննիսյանը, գրում է NEWS.am-ը: Պատահական չէ, որ ստեղծված իրավիճակում Կատարին օգնության ձեռք առաջինը մեկնեց Իրանը՝ պատրաստակամություն հայտնելով սննդամթերք մատակարարել վերջինիս՝ արաբական մի շարք երկրների կողմից սահմանափակումների ներդրման ֆոնին։ Կատարը Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից ու ՄԱԷ-ից ներմուծում է 4-5 մլրդ դոլարի սննդամթերք։ Ի տարբերություն Սաուդյան Արաբիայի ու Էմիրությունների, Կատարը երբեք խորը թշնամական քաղաքականություն չի դրսեւորել Իրանի նկատմամբ, այդ երկրի հետ Դոհան կիսում ու համատեղ մշակում է Պարսից ծոցի ջրային տարածքում խոշորագույն գազային հանքավայրը։ «Կատարը երբեք չի զբաղվել Մերձավոր արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների շիա-սունի մեկնաբանություններով»,- գրում է Le Figaro-ի սյունակագիրը։ Դավիթ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ հակամարտությունը նոր չի առաջացել: «Այդ երկրների միջեւ հարաբերությունները վաղուց արդեն բարվոք չէին, հատկապես, որ Կատարը օժանդակում եւ ֆինանսավորում է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը, որի հետ Եգիպտոսի իշխանությունները լրջագույն խնդիրներ ունեն», - նշում է նա: «Հարաբերությունները հատկապես սրվեցին, երբ հայտնի դարձավ, որ Կատարի ղեկավարը հայտարարել էր, որ Իրանը հզոր մուսուլմանական երկիր է եւ հավանաբար միակն է, որ կարող է մրցակցության մեջ մտնել Սաուդյան Արաբիայի հետ: Սա բնականաբար ամբողջովին դուրս է այն քաղաքականությունից, որը վարում է Սաուդյան Արաբիայի առաջնորդությամբ Պարսից ծոցի երկրների խորհուրդը: Մյուս կողմից, շատ հետաքրքրիր հարց կա՝ ինչու հենց հիմա հարաբերությունները խզվեցին», - նշում է փորձագետը: Թրամփի այցը Սաուդյան Արաբիա Փորձագետները կարծում են, որ Ծոցի երկրներում հարաբերությունների վերադասավորման գործընթացի մեկնարկի համար հիմնական կատալիզատոր դարձավ ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այցի արդյունքում երկու երկրները ռազմական ոլորտում համագործակցության 110 միլիարդ դոլարի պայմանագրեր են ստորագրել: Սպիտակ տանը միայն ընդգծեցին, որ Սաուդյան Արաբիային մատակարարվելիք սպառազինությունը կօգնի «ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն իրանական սպառնալիքի պայմաններում»: Իրականում, սակայն, ԱՄՆ-Սաուդյան Արաբիա զենքի գործարքի արժեքը կազմում է $350 մլրդ, որը, նշում է միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը, կարող է հիմք հանդիսանալ Արաբական «ՆԱՏՕ»-ի ձեւավորման համար: «Սա ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր զենքի վաճառքի գործարքն է։ Գործարքը բանակցել է Թրամփի փեսա և խորհրդական Քուշները։ Թրամփը մի կրակով մի քանի նապաստակ է սպանում։ Նախ իրականացնում է ամերիկյան զենք արտադրողներին տրված խոստումը։ Լայնածավալ ներդրումներ է բերում ԱՄՆ։ Սաուդների միջոցով ազդեցություն է ձեռքբերում տարածաշրջանում, գործնականում աջակցելով այսպես կոչված Արաբական «ՆԱՏՕ»-ի կայացմանը, որի հիմքերը դրվել են 40.000-անոց արագ արձագանքման ուժերի ստեղծմամբ, որի հիմնական թիրախը Իրանն է։ Արաբական աշխարհում հետայսու զենքի վաճառքի առյուծի բաժինը պատկանում է ԱՄՆ-ին և այստեղից դուրս են մղվում ՌԴ-ն ու Չինաստանը։ Սաուդները ձեռք են բերում տանկեր, ուղղաթիռներ, հետախուզական ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության և հետախուզական համակարգեր», - գրում է Սուրեն Սարգսյանը: «Սաուդցիներն ու էմիրաթցիները, Դոնալդ Թրամփի աջակցությամբ, Իրանը դարձրել են իրենց թիվ մեկ թշնամին,- մեկնաբանում է Մալբրյունոն,- Իրանի հետ հարաբերությունների հարցում Դոհան մենակ չէ Պարսից ծոցում՝ Օման սուլթանությունն ու Քուվեյթը նույնպես հրաժարվում են Իրանը դարձնել համընդհանուր ատելության թիրախ։ Այդ երկու երկրները նաեւ չեն միացել այն կարանտինին, որը Էր Ռիադը հայտարարել է Դոհայի վերաբերյալ», - նշում է Le Figaro-ն: Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով եւս տեղի ունեցող իրադարձությունները կարելի է կապել ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի եւ այնտեղ գլոբալ հակաահաբեկչական ֆորում հրավիրելու հետ, ինչը գնահատվում է որպես Միացյալ Նահանգների կողմից այս տարածաշրջանում քաղաքականության փոփոխման որոշակի միտում: «Գիտենք, որ Կատարում լուրջ հենարան ունեն Միացյալ Նահանգները եւ այնտեղ է տեղադրված ամբողջ Պարսից ծոցի շրջանում գտնվող ստորաբաժանումների կառավարման կետը՝ ռազմական բազան, որը շատ կարեւոր նշանակություն ունի, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այս ամենը Միացյալ Նահանգների կողմից վերանայվում է եւ որպես հենարան ընտրվում է Սաուդյան Արաբիան, պարզ կդառնա առաջիկայում»,- եզրափակում է արաբագետը: Արշալույս Մղդեսյան