Սահմանադրության 30 ամյակը այս տարի դիմավորելու ենք «ինքնիշխանության գագաթնակետին». 1. Հայկական զինուժը Մայր Աթոռում է2. Էրդողանը՝ Ստեփանակերտում3. Երկու ազդեցիկ հայ միլիարդատերեր՝ Երևանի և Բաքվի բանտերում4. Երկու արքեպիսկոպոս՝ ԱԱԾ մեկուսարանում5. Արցախը՝ հայաթափ6. «Պատի նկարի» հրահանգները կատարողները՝ անմռունչ7. Նույն նկարի դեմ պայքարողները՝ անծրագիր8. Նախագահը՝ անձայն9. Ժողովուրդը՝ մոլորված10. Ամարասն ու Գանձասարը՝ չուլանի վերածվող11. Թշնամին՝ մեծ ախորժակով12. Երկիրը՝ անդաշնակից Կա՞ր տարբերակ՝ այնպես զարգանալու, որ 30 տարի անց չլիներ այս ողբերգական վիճակը։ Իհարկե կար։ Չարեցինք։ Կա՞ տարբերակ՝ կասեցնելու այն սցենարը, որով գնում ենք։ Դեռ կա, բայց դրա համար պետք է ներհանրային երկխոսություն և ծրագրային մտածողություն։ Վաղուց պետք է հասկացած լինեինք, որ ընդամենը մեկ ամսվա «ստրատեգիական մտածողության» հորիզոնով և իմպուլսիվ պատկերացումներով ոչ մի բան հնարավոր չէ անել։ Կարելի՞ է Սահմանադրությունը փոխել. ոչ միայն կարելի է, այլև գուցե պետք է։ Բայց դրանից առաջ պետք է փոխենք իրավիճակը, որում հայտնվել ենք, և տանք դրա գնահատականը։ Այդ փոփոխությունից հետո միայն կարելի է փոխել Սահմանադրությունը՝ հաշվի առնելով յոթնամյա ողբերգության և ավելի երկար փուլի կոպիտ սխալները։ Ներքին թշնամանքի, ներքին բզկտվածության պայմաններում, օտարի պահանջով Սահմանադրություն փոխել չի կարելի։ Դա կբերի նոր, ավելի այլանդակ իրականության։ Մի պահի, իհարկե, գալու է անհրաժեշտություն նոր Սահմանադրության, որը կստեղծի մեխանիզմներ՝ պետական ինստիտուտների դիմադրողականությունը բարձրացնելու, այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու, ճակատագրական սխալներ թույլ չտալու համար։ Նոր Սահմանադրությունը պետք է ստեղծի նաև համակեցության նոր կանոններ, բազմակարծության և դրա իրացման հնարավորություններ՝ նոր հասարակության ձևավորման համար։ Բայց դրանից առաջ պետք է փոխվենք մենք։ Չփոխված իրականության, չփոխված ներքին մթնոլորտի պայմաններում ոչ մի լավ բան չի կարող ծնվել։ Վահե ՀովհաննիսյանԱյլըտրանքային նախագծեր խումբ