26.02.2026
Սինոդական համակարգը հարմարեցված է արտաքին ուժերի թելադրանք սահմանելու նկրտումներին
prev Նախորդ նորություն

TRIPP-ը ճակատագրական ռիսկ կդառնա՞ Հայաստանի երկաթուղային ցանցի համար. հարցազրույց

Լուսանկարը` Կավկազսկի ուզել
Լուսանկարը` Կավկազսկի ուզել

Հարավային Կովկասի տրանսպորտային փոխկապակցվածությունը զուտ տնտեսական կատեգորիայից տեղափոխվում է մեծ աշխարհաքաղաքականության հարթություն: Այսօր հայաստանյան երկաթուղու շուրջ ծավալվում է բազմաշերտ ինտրիգ, որտեղ «ճանապարհների վերանորոգում» և «կոնցեսիոների փոփոխություն» տեխնիկական տերմինների հետևում թաքնված է տարածաշրջանում ազդեցության վեկտորների արմատական վերանայումը:


Իրավիճակը պարադոքսալ է թվում. Հայաստանի կառավարության՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններին հասնող երկաթուղային հատվածների վերականգնման պաշտոնական հանձնարարականների ֆոնին, ամենաբարձր մակարդակով տեղեկատվական դաշտ է նետվում ռուսական կոնցեսիան (ՀԿԵ) ինչ-որ «երրորդ՝ բարեկամ կողմի» վաճառելու գաղափարը: Հավանական թեկնածուների թվում հաճախ հիշատակվում է Կատարը, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում նման գործարքի իրական նպատակների և շահառուների վերաբերյալ:


Արդյո՞ք խոսքն իրոք ներդրումների ներգրավման և տնտեսության դիվերսիֆիկացման մասին է, թե՞ մենք ականատեսն ենք Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքներից ռուսական ներկայության հետևողական դուրսմղմանը: Ինչո՞ւ են Բաքուն և Անկարան արագացնում Նախիջևանով անցնող ուղիների շինարարությունը, և արդյո՞ք TRIPP («Թրամփի երթուղի») ենթակառուցվածքային նախագիծը ճակատագրական չի դառնա երկրի հիմնական երկաթուղային ցանցի համար:


Իշխանությունների գործողությունների անհամապատասխանությունների, արտաքին ճնշումների և հաղորդակցությունների «միակողմանի» ապաշրջափակման ռիսկերի մասին VERELQ-ը զրուցել է հայտնի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:



Լուսանկարում Թաթուլ Մանասերյանն է, աղբյուրը` Սպուտնիկ


VERELQ. Պարոն Մանասերյան, խնդրում եմ ասեք՝ որպես փորձագետ և տնտեսագետ, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: Նախ՝ Հայաստանի իշխանությունները ՀԿԵ-ի (Հարավկովկասյան երկաթուղի) առջև խնդիր են դնում վերականգնել դեպի Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող հատվածները, իսկ գրեթե անմիջապես հետո հնչում է ռուսական կոնցեսիան ինչ-որ երրորդ կողմի վաճառելու առաջարկը, որը «բարեկամական» կլինի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար: Ինչո՞ւ է ընտրվել հենց այսպիսի ժամանակագրություն, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել:


Թաթուլ Մանասերյան. Անկեղծ ասած, գործողությունների այս հաջորդականության մեջ չափազանց դժվար է առողջ տրամաբանություն գտնել՝ թե՛ համամարդկային կամ զուտ քաղաքական, և թե՛ խորքային քաղաքատնտեսական տեսանկյունից: Հետևելով այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ մենք տեսնում ենք ծայրահեղ հակասական միտումների իրականացում: Զուտ տնտեսագիտական վերլուծության դիրքերից այստեղ միասնական տրամաբանական թել գտնելը գրեթե անհնար է:


Թերևս ես ամենահարմար փորձագետը չեմ լինի այս յուրահատուկ «տրամաբանական հանգույցը» քանդելու համար, քանի որ այստեղ տրամաբանությունը, ամենայն հավանականությամբ, տնտեսական չէ: Ես հակված չեմ կարծելու, որ հարցի լուծումը սահմանափակվում է միայն հնչեցված պարամետրով, այն է՝ սեփականության իրավունքի պարզ փոխանցմամբ Երևանի և Մոսկվայի համար բարեկամական համարվող կողմին:


Իմ կարծիքով՝ այս խնդրին անհրաժեշտ է մոտենալ համակարգային ձևով: Նախևառաջ պահանջվում է հստակ «ճանապարհային քարտեզի» և զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակում: Ցավոք, այսօր մենք տեսնում ենք հստակ տնտեսական քաղաքականության սուր դեֆիցիտ և ոլորտի ապագայի վերաբերյալ գլոբալ տեսլականի բացակայություն: Իսկ դա իր հերթին վերածվում է ուղղակի սպառնալիքի ոչ միայն տնտեսական, այլև երկրի ազգային անվտանգության համար: Ստեղծվում է վտանգավոր իրավիճակ. եթե վաղը որևէ կողմից՝ լինի հյուսիսից, հարավից, արևմուտքից, թե արևելքից, ստացվեն իբր «շահավետ» առաջարկներ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Հայաստանի զարգացման ընդհանուր վեկտորը քաոսային կերպով չի շրջվի այդ ուղղությամբ: Ռազմավարական հիմքի բացակայությունը մեր դիրքերը խոցելի է դարձնում, և նման մոտեցման մեջ ես, ավաղ, տրամաբանություն չեմ տեսնում:


VERELQ. Շատ վերլուծաբաններ տեղի ունեցողի մեջ որոշակի «արտաքին հետք» են տեսնում: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը: Տեսնո՞ւմ եք արդյոք այստեղ դրսի ազդեցություն:


Թաթուլ Մանասերյան. Արտաքին ճնշման և նպատակաուղղված ներգործության փաստն այստեղ միանգամայն ակնհայտ է, այն հերքելն անիմաստ է: Հարցն միայն այն է, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում նրանք, ովքեր այդ ճնշման ներքո որոշումներ են կայացնում: Արտաքին հետքը նկատելի է լիովին հստակ, և այդ ազդեցության հիմնական վեկտորն ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության հետևողական նվազեցմանը: Պետք է իսկապես կույր լինել՝ չնկատելու համար այս գործընթացները և չզգալու այն միտումը, որն առկա է տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում որոշումների կայացման վրա:


VERELQ. Հասկանալի է: Այն երկրների թվում, որոնք, ըստ հայաստանյան իշխանությունների, կարող են հանդես գալ որպես կոնցեսիայի գնորդներ, հիշատակվում էր Կատարը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ընտրությունը կանգ առել հենց այդ պետության վրա: Որքանո՞վ է Կատարը համապատասխանում նման զգայուն ոլորտում ներդրողի դերին՝ հաշվի առնելով, որ ժամանակին այդ երկիրը մեղադրվում էր արմատական խմբավորումների ֆինանսավորման մեջ:


Թաթուլ Մանասերյան. Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը: Կարծում եմ՝ դժվար չէ կռահել, որ հարցի փոխանցումը «երրորդ երկրի»՝ նախապես ծրագրված մանևր է: Կատարն այս համատեքստում կարող է հանդես գալ որպես յուրօրինակ ֆինանսական կամ քաղաքական բուֆեր: Ես ոչ միայն չեմ բացառում իրադարձությունների նման զարգացումը, այլև հստակ զգում եմ, որ հենց այդպիսի սցենար էլ մշակվել է՝ միջնորդի օգտագործումը երկաթուղու կառավարման մեջ ուժերի հավասարակշռությունը փոխելու համար:


VERELQ. Եթե այս նախագիծն իրականացվի իր ներկայիս տեսքով և ուղիներն ապաշրջափակվեն, արդյո՞ք այն տնտեսապես շահավետ կլինի Հայաստանի համար: Կա՞ ռիսկ, որ TRIPP-ի տեսքով նոր երթուղին կսկսի մրցակցել երկրի հիմնական երկաթուղային ցանցի հետ: Արդյո՞ք չի ստացվի այնպես, որ Ադրբեջանը և մյուս խաղացողները պարզապես կկորցնեն հետաքրքրությունը գոյություն ունեցող Հայաստանի երկաթուղու նկատմամբ, և նոր նախագիծը կդառնա յուրօրինակ «գերեզմանափոր» հիմնական գծի համար:


Թաթուլ Մանասերյան. Այս պահին չափազանց դժվար է հստակ կանխատեսումներ անել կամ փորձել կռահել վերջնական պլանը, որը, հնարավոր է, արդեն իսկ գոյություն ունի: Փորձագիտական հանրությունն այսօր կտրված է բազմաթիվ օրհասական գործոններից և անհայտ փոփոխականներից:


Շատ բան, եթե ոչ ամեն ինչ, կախված կլինի նրանից, թե ինչպիսի քաղաքական կոնֆիգուրացիա կձևավորվի երկրում այս տարվա հունիսի 7-ից հետո:


VERELQ. Նկատի ունեք՝ խորհրդարանական ընտրություններից հետո՞:


Թաթուլ Մանասերյան. Այո՛, հենց այդպես: Դա առանցքային հաշվարկային կետն է:


VERELQ. Այսինքն՝ Դուք կարծում եք, որ մինչև ընտրությունների ավարտը որևէ արմատական փոփոխություն չի՞ լինի: Եվ գործարքների իրական պարամետրերը կհայտնվեն միայն ընտրություններից հետո՞:


Թաթուլ Մանասերյան. Ես չեմ բացառում որոշակի նախապատրաստական ընթացակարգերի անցկացումը, բայց լուրջ ներդրողները և միջազգային ազդեցիկ շրջանակները հազիվ թե վճռական ու անդառնալի քայլերի դիմեն նախընտրական տուրբուլենտության շրջանում: Նրանք կնախընտրեն սպասել քաղաքական լանդշաֆտի կայունացմանը:


VERELQ. Ելնելով արդեն հրապարակված և փորձագետների կողմից քննարկվող տեղեկատվությունից (ինչի մասին պաշտոնական Բաքուն ևս բացահայտ խոսում է), խոսքը, համենայն դեպս այս պահին, ոչ թե բոլոր հաղորդակցությունների համալիր ապաշրջափակման մասին է, այլ Հայաստանի հարավով՝ Ադրբեջանից Նախիջևան կոնկրետ ուղու ստեղծման: Միևնույն ժամանակ Թուրքիան արդեն ակտիվորեն կառուցում է իր ճյուղը Իգդիրից Նախիջևան: Նման սցենարի դեպքում Թուրքիան կկորցնի՞ հետաքրքրությունը հայաստանյան հիմնական երկաթուղային ցանցի շահագործման հարցում:


Թաթուլ Մանասերյան. Դուք շատ կարևոր ասպեկտ շոշափեցիք: Ես բազմիցս ընդգծել եմ իմ ելույթներում. այն, ինչ հիմա քննարկվում է, չի կարելի անվանել «ապաշրջափակում» բառի բուն իմաստով: Ներկայիս տեսքով նախագիծը նման է բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկման:


Եթե մենք հիմնվենք օբյեկտիվ պարամետրերի վրա և ելնենք Հայաստանի ազգային շահերից, ապա իրական դեբլոկադան (ապաշրջափակումը) պետք է առաջին հերթին մեր երկրին ապահովի ելք դեպի ծով և բացի բոլոր տրանսպորտային ուղղություններն առանց բացառության: Միայն այդ դեպքում դա մեզ համար տնտեսական իմաստ կունենա:


Ուստի, եթե ուշադիր վերլուծենք առկա տվյալները, պարզ է դառնում. առաջարկվող նախագիծը չպետք է ծառայի միայն մեկ կամ երկու երկրների շահերին, որոնք իրենց ներկայացնում են որպես «մեկ ազգ՝ երկու պետություն»: Մեր տարաշրջանում երկաթուղային հաղորդակցությունը համատարածաշրջանային մասշտաբի նախագիծ է: Դրա նշանակությունը շատ ավելի լայն է և խորը, քան այն նեղ մեկնաբանությունը, որը փորձում են պարտադրել որոշ խաղացողներ: