26.02.2026
Մեզ անվտանգություն է պետք, որից կբխի նաև խաղաղությունը. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Սինոդական համակարգը հարմարեցված է արտաքին ուժերի թելադրանք սահմանելու նկրտումներին

Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի առաջարկին՝ սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում անցումային լուծում և ճգնաժամից ելք.


«Հակիրճ սինոդի սկզբունքով եկեղեցական ինքնակառավարումը վերանայելու թեզերի մասին.


Այս սկզբունքը ծանոթ է Հայ Եկեղեցու պատմությանը, այն հիմնականում՝ գործել է ներեկեղեցական ինքնակառավարումը օտար ուժերից անմիջական կախվածության մեջ դնելու անթաքույց նկրտումներով: Բնորոշ է այն, որ 1807-1836թթ. սինոդական համակարգը ներդրվել է Օսմանյան կայսրության ջանքերով, իսկ 1836-1917թթ.՝ ցարական Ռուսաստանում հաստատված, այսպես կոչված՝ «Պոլոժենիով»:


Պատմականորեն Հայ Եկեղեցուն բնորոշ է եղել ժողովականության սկզբունքը, ինչն իրագործվել է հիմնականում՝ Ազգային-եկեղեցական ժողովների միջոցով, սակայն այդ և մյուս մարմինները եղել և մնում են իբրև խորհրդատվական, իսկ կառավարման գերագույն իշխանությունը վերապահվել է Կաթողիկոսին, ինչն արտաքին և, ցավոք, նաև ներքին սպառնալիքների համատեքստում ապահովել է կայուն կառավարում:


Գործնականում վերը նշված երկու դեպքում էլ՝ օտար ուժերի անմիջական ներգործությամբ սինոդը շատ կարճ ժամանակում խորհրդակցական մարմնից անխուսափելիորեն վերածվել է պարտադիր կատարման ենթակա որոշումներ կայացնող և վերահսկող կառույցի:


Սինոդական համակարգը, ըստ էության, հարմարեցված է ոչ թե ինքնակառավարման, այլ արտաքին ուժերի կողմից խորհրդակցական մարմնի իմիտացիա ապահովող կառույցի միջոցով անմիջական թելադրանք և վերահսկողություն սահմանելու նկրտումներին, ինչին ժամանակին դիմել են Թուրքիան, ապա ցարական Ռուսաստանը, և սա պատմական իրողություն է:


Սինոդի համակարգը չունի նաև դավանական կամ աստվածաբանական որևէ հիմնավորում:


Հ.Գ. Գործող կանոնադրական հիմքերը պարզապես բացառում են սինոդական համակարգը, կամ այդ համակարգի սկզբունքներով մարմին ձևավորելը:


Աստված պահապան մեր Երկրին և Եկեղեցուն...»։