Նույնիսկ մեկ տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Անկախության հռչակագիրը կարող է վիճարկման առիթ դառնալ կամ մաս կազմել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին: Այսօր արդեն դա փաստ է, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն անամոթաբար հայտարարում է, որ եթե Սահմանադրությունը չփոխենք(նկատի ունի Հիմնական օրենքի նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելը), «ցլերը մեզ կհոշոտեն»: Անկախության հռչակագիրը մեր իրականության բացառիկ ու, թերևս միակ փաստաթուղթն է, որն ընդունվել է քաղաքական և հանրային բացարձակ կոնսենսուսով: Անկախության հռչակագիրը հենց Իրական Հայաստանի մասին է, ինչքան էլ ոմանք փորձեն հակառակը պնդել: Անկախության հռչակագիրն ընդունվել է ԽՍՀՄ գոյության տարիներին և դրանում արտահայտված «միացման» կոնցեպցիան իր ուժն ավտոմատ կորցրել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Պատահական չէ, որ Հռչակագրով սկսված Անկախության գործընթացը իր վերջնական հանգրվանն ունեցավ 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով, որն անցկացվել է բացառապես ՀԽՍՀ տարածքում: Ըստ այդմ, Հայաստանի Անկախության հռչակագրում և Սահմանադրության տեքստում չկա հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջի որևէ դրսևորում՝ ի հեճուկս Բաքվի և նրա հայաստանյան խամաճիկների պնդումների: Շնորհավոր Անկախության հռչակագրի օրը: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց