23.12.2024
Փաշինյանը նպատակ ունի «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում. ՄԱՄՈՒԼ
15.02.2024
Փաշինյանը նպատակ ունի «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է փնտրել կառավարական կաբինետի նոր անդամների: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը նպատակ ունի «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում` առաջիկայում շատերին անակնկալ պաշտոնանկ անելով: Ըստ մեր աղբյուրների՝ այս պահին միակ անձեռնմխելի անձը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է, որի աշխատանքից, կարծես թե, գոհ են եւ՛ Փաշինյանը, եւ՛ իշխանության, եւ՛ ՔՊ վերնախավի ներսում: Մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը այդ հարցում եւս մտափոխվի: Գերատեսչության բոլոր ղեկավարներից, կառավարության ենթակա բոլոր մարմիններից, վարչապետին ենթակա բոլոր մարմինների ղեկավարներից Փաշինյանը դժգոհ է ու մարդկանց է փնտրում՝ մեկը մյուսով փոխարինելու համար: Վարչապետը կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնած. օրենսդիր մարմնի անդամներին, որոնք իր հավատարիմներն են, վստահում է, առաջարկում է տեղափոխվել գործադիր մարմին: Այդ հարցում, սակայն, դեռեւս հաջողություն չունի. պատգամավորները հրաժարվում են նախարարի պորտֆեյլ վերցնել: Այս պահին Փաշինյանի հույսը կադրային բանկն է, բայց, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, այնտեղից էլ չի կարողանում մարդ գտնել»։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի երեկվա հրաժարականն անակնկալի է բերել ՔՊ-ականներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում մի քանի հոգի են իմացել միայն նախարարի հրաժարականի մասին, իսկ մյուսները նրա գրառումից են իմացել լուրն ու անակնկալի եկել: Ավելին՝ ՔՊ-ականների, մասնավորապես՝ խորհրդարանականների սրտով այնքան էլ չի եղել Քերոբյանի հրաժարականը. ոմանք նաեւ անթաքույց ափսոսանք են հայտնել, քանի որ լավ հարաբերություններ են ունեցել նրա հետ. ի տարբերություն շատ այլ նախարարների՝ Քերոբյանը մշտապես հասանելի է եղել թիմակիցների համար, ու նրա հետ կարողացել են աշխատանքը հեշտ կազմակերպել: Մի խոսքով, մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը»։ «Հրապարակ» օրաթերթը գրում է. Վահան Քերոբյանը երեկ կեսօրին Ֆեյսբուքում գրեց իր հեռանալու մասին, որից հասկացվեց, որ նա ինքնակամ չի հեռացել` հեռացրել են։ «Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլեւս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն 6 օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, 3 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, 15-16 օգտագործված արձակուրդային օրերով»,-  գրել է նա:  Կառավարության մեր աղբյուրներին հարցրինք, թե ինչու է հեռանալու տեքստն այսքան էմոցիոնալ ստացվել: Պարզվում է՝ նրա նկատմամբ անհարգալից են վերաբերվել․ դիմում գրելու հրահանգը նա ստացել է ոչ թե վարչապետից, այլ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից: Ի դեպ, արդեն ավանդույթ է դառնում` Փաշինյանը հարկ չի համարում իր սեւ ցուցակում հայտնված պաշտոնյաներին բացատրել, թե ինչու չի ուզում այլեւս իրենց հետ աշխատել, հրահանգը փոխանցում է «չերեզով»: Ըստ որոշ լուրերի, այդպես է վարվել նաեւ Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։ Իսկ Քերոբյանի ազատումը փորձում են մտցնել էկոնոմիկայի նախարարության շուրջ ծավալված կոռուպցիոն պատմության ներքո, սակայն տեւական ժամանակ լուրեր կային, որ նման պահանջ են ներկայացրել իշխանության սորոսական փայատերերը: Ինքը՝ Քերոբյանը, պնդում էր, որ խոսք չի կարող գնալ կոռուպցիայի մասին, որ վարույթներից մեկով պետությունը վնաս չի կրել, մյուսով էլ գնահատման խնդիր կա, եւ այդ քրգործը վնասելու է ծրագրերի իրականացմանը։ «Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ բանակը զենքի գնման պայմանագրեր ունի ոչ միայն Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ. առաջիկայում կլինեն մատակարարումներ նաև այլ երկրներից։ Կա տեսակետ, որ վերջինս նմանօրինակ հայտարարություններով փորձում է հայ հասարակությանը հրամցնել, թե բանակը զինվում է արդիական զենքզինամթերքով, և որ ռուսական զենքից անցում է կատարվում այլ երկրների զենքերի։ Բայց, ինչպես նշում են տարբեր փորձագետներ, մինչ այս, բացառությամբ Ռուսաստանից մատակարարված զենքի, այլ երկրներից ստացված զենք-զինամթերքը, մեղմ ասած, չի կարող այդքան էլ արդյունավետ աշխատել հայկական բանակում, քանի որ ձեռք բերված ռադիոլոկացիոն սարքերը ստանդարտներով չեն համապատասխանում գործող համակարգին, իսկ ֆրանսիական կողմը Հայաստանին չի վաճառում այդ սարքերի կողմից հայտնաբերված թիրախների խոցման համար նախատեսված ռակետները։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայից գնված տրանսպորտային միջոցներին, ապա մեկ անգամ չէ նշվել, որ դրանք անորակ են, ինչը փաստում է նաև այդ տեխնիկայից ուկրանաիկան կողմի հրաժարվելը։ Մյուս կողմից՝ ըստ ռազմական փորձագետների, հնդկական զենքի տրամաչափը տարբեր է մեր երկրում եղածից, և դրանք իրական կյանքում գործածելու փորձ և հմտություններ այսօր մեր բանակը չունի։ Ի դեպ, այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը վերջերս տված հարցազրույցում նշել էր, թե զենքի գնման մի շարք պայմանագրեր, որոնք կնքվել են իր կողմից, այսօր արդեն զրոյացվել են գործող իշխանության կողմից։ «Փաստի» տեղեկություններով, խոսքը մասնավորաբար Սերբիայի հետ կնքված մի քանի հարյուր միլիոն դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրի մասին է, որը ստորագրել է Կարապետյանը։ Սակայն, մեր տեղեկություններով, սերբական զենքի գնման պայմանագիրը միակը չէ, որ ներկա իշխանությունները չեղարկել են, չնայած որ, ինչպես մեր իրազեկ աղբյուրն է նշում, զենքի գնումը պարբերական շղթայական գործընթաց է, որի ժամկետների թեկուզ մեկ օրվա խախտումը կարող է ճակատագրական լինել: «Փաստ» օրաթերթը գրում է. ԵՄ անդամ երկրների կառավարությունները մինչև հուլիս պետք է համաձայնության գան Եվրոպական խորհրդարանի նախագահի թեկնածության շուրջ: Ամենահավանական թեկնածուներից մեկը համարվում է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին: Խոսքը նույն Դրագիի մասին է, որի անունը շրջանառվում է Հայաստանում երեխաների առքուվաճառքի հետ կապված քրեական գործի շրջանակներում: Բանն այն է, որ, ըստ տեղեկությունների, Հայաստանից երեխա է որդեգրել նաև Մարիո Դրագիի որդին՝ Ջիակամո Դրագին։ Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ «երբ Հայաստանում հենց կառավարության նիստում հայտարարվեց, որ ապօրինի որդեգրումներ են իրականացվել, իսկ հետո նաև քրեական գործ հարուցվեց, քիչ էր մնացել քաղաքական սկանդալ հասունանար` Իտալիայի նախկին վարչապետը, նրա ընտանիքը պահանջել են ՀՀ իշխանություններից` դադարեցնել գործի քննությունը և ամոթալի աղմուկը, որը վնասում է իրենց ընտանիքին և որդեգրված երեխայի իրավունքներն է ոտնահարում»: Ըստ այդմ, հայկական կողմը ստիպված է եղել քրեական գործի նյութերից հեռացնել Իտալիայի վարչապետի թոռան էպիզոդը և Դրագիի կողմից իրականացված որդեգրության մասին տվյալները։ Եվ ահա, հիմա նույն Մարիո Դրագին հավակնում է դառնալ Եվրոպական խորհրդարանի նախագահ: «Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի պետական գերատեսչություններին սպասարկած ծառայողական մեքենաների գտնվելու վայրի, ճակատագրի վերաբերյալ վերջին շրջանում աղմկահարույց լուրեր են շրջանառվում, թե իբր Արցախի պաշտոնյաները սեփականաշնորհել  կամ սեփականացրել են իրենց ղեկավարած կառույցները սպասարկած պետական ավտոմեքենաները։ Մեզ տեղեկություններ հասան, որ Հայաստանի իշխանությունը, կոնկրետ` Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի պատճառներով հրաժարվում է ընդունել այդ մեքենաները ՀՀ կառավարության տնօրինության տակ, եւ դրանք այս ու այնտեղ կայանված` սպասում են որոշման։ Մինչդեռ դրանց մեջ կան շատ լավ վիճակում գտնվող փոխադրամիջոցներ, որոնք կարող են ծառայել համապատասխան գերատեսչություններին` առողջապահական, իրավապահ, փրկարարական եւ այլն: Մենք դիմեցինք ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե` հարցրինք, թե որտեղ են գտնվում Արցախի պետական կառույցներին սպասարկած փոխադրամիջոցները, ում հաշվեկշռում, եւ ինչ են պատրաստվում անել դրանց հետ: Զարմանալիորեն, Պետգույքի կառավարման կոմիտեի խոսնակը հայտարարեց. «Հրաժարվում ենք մեկնաբանել այդ հարցը»։ «Հրապարակ» օրաթերթը գրում է. Կառավարության այսօրվա նիստում ներառված է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ ունեցող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին հավանություն տալու հարցը։ Օրենքի նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի համար աշխատավարձի դրույքաչափի գործակից սահմանել 14-ը՝ հավասարեցնելով ԿԸՀ նախագահի վարձատրությանը։ Նախկինում ՀՌՀ նախագահի գործակիցը 10 էր, հետեւաբար, եթե Տիգրան Հակոբյանը նախկինում ստանում էր ամսական 832 հազար դրամ, ապա փոփոխությունից հետո կստանա 1 մլն 164 հազար դրամ։ Բայց նա լիովին «վաստակել» է այդ աշխատավարձը` ՔՊ-ին հնազանդ ծառայելով, ոչ իշխանական TV-ներին եթերից զրկելու որոշումներով եւ ազատ խոսքը եթերից վերացնելուն ուղղված հետեւողական աշխատանքով։ «Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանյան հեղինակավոր բանկերից եւս մեկը՝ Ամերիաբանկը, փոխում է սեփականատիրոջը: Շուրջ մեկ տարի, եթե ոչ ավելի, բանակցություններ են ընթանում վրացական հայտնի Bank of Georgia-ի հետ։ Գործարքը նախատեսված էր կնքել դեռ դեկտեմբեր-հունվար ամիսներին, սակայն ինչ-որ տեխնիկական նրբություններ դեռ ավարտին չէին հասցվել, եւ, ըստ ամենայնի, մոտ ժամանակներում կհայտարարվի: Ամերիաբանկի բաժնետերերը ներկա պահին հինգն են՝ «Իմաստ Գրուպ» (Սի-Ուայ) (48.87%), սա թերեւս Ռուբեն Վարդանյանի մասնաբաժինն է, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ՝ ՎԶԵԲ (17.73%), ԱԶԲ (13.92%), «Ի-Էս-Փի-Էս Հոլդինգ Լիմիթիդ» (11.98%) եւ «Աֆեյան հիմնադրամ Հայաստանի համար» Ինկ. (7.5%): Մեր տեղեկություններով, իր մասնաբաժինը կպահի միայն ՎԶԵԲ-ը։ Նկատենք նաեւ, որ ըստ բաց աղբյուրների` Bank of Georgia-ի բաժնետերերի մեջ Թուրքիայի քաղաքացիներ կան: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 2024 թվականի հունվարի 30-ին ձեռք է բերել սրճեփ, որի արժեքը կազմել է 299 հազար 999 դրամ։ Սրճեփը եղել է DELONGHI ապրանքանիշի, իսկ մակնիշը՝ ECAM290.31.SB։ Ըստ պայմանագրի՝ սրճեփը պետք է ունենա հետեւյալ բնութագիրը՝ աղացի աստիճանների քանակ՝ 13, աշխատանքային ճնշումը՝ 15 բար, սուրճի պատրաստման տեսակները՝ աղացած/հատիկավոր, հատիկավոր սուրճի տարայի տարողությունը՝ առնվազն 250 գրամ, հզորությունը՝ 1450 Վտ, ջրի տարողությունը՝ 1.8լ, ավտոմատ անջատման եւ գավաթի տաքացման ֆունկցիոնալությամբ, Էկրանի, ջրի ֆիլտրի եւ շարժական կաթի տարայի առկայություն, սուրճի պատրաստման տեսակները՝ էկսպրեսսո, կապուչինո, լատե, մակիատո: Ապրանքը պետք է լինի նոր եւ չօգտագործված: Գույնը համաձայնեցվում է պատվիրատուի հետ: Սրճեփի երաշխիքը նախատեսված է մեկ տարի ժամկետով։ Հավելենք նաեւ, որ վարչապետի աշխատակազմը 2018 թվականից կենցաղային տեխնիկաներ գնելու հակում ունի։ Գնվում են 500 հազար դրամանոց հեռուստացույցներ, գնվել է 35 սառնարան՝ 1 մլն 960 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Ստացվում է, որ վարչապետին ենթակա մարմիններն ամեն ինչ անում են իրենց տանը զգալու համար»։