Թբիլիսիում ձերբակալվել է վրաց ազգայնականների «Քարթուլի ձալա» (Վրացական ուժ) կազմակերպության 11 ակտիվիստ, որոնք հարձակվել են Աղմաշենեբելի պողոտայում գտնվող սրճարանների և խանութների վրա, հայտնել է ՆԳՆ-ն: Միջադեպը տեղի է ունեցել ազգայնականների չարտոնված երթից մի քանի ժամ անց: Ակտիվիստները «Հերոսների հրապարակից» շարժվել են դեպի մետրոյի Մարջանիշվիլու կայարան: Երբ նրանք հայտնվել են Աղմաշենեբելի պողոտայում, սկսել են վիրավորել անցորդներին, ֆայերներ նետել առևտրի օբյեկտների և սրճարանների վրա, ինչպես նաև փչացնել խանութների և ռեստորանների ցուցանակները: Ըստ առկա տեղեկատվության, ազգայնականների հարձակման օբյեկտ են դարձել թուրքական ռեստորանները: Նրանք ներխուժել են հաստատություններ «Փառք ազգին` մահ թշնամուն» բացականչություններով: Փողոցում ուժեղացված պարեկային ծառայություն է իրականացվում, այնտեղ են նաև քրեագետ փորձագետները, որոնք հարցում են անցկացնում թուրքական ռեստորանների աշխատակիցների շրջանում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: Քրեական գործ է հարուցվել «նախնական դիտավորությամբ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն` հրազենի և որպես զենք օգտագործվող այլ առարկաների կիրառմամբ» հոդվածով, որով նախատեսվում է 4-7 տարվա ազատազրկում: «Քարթուլի ձալան» առաջին անգամը չէ, որ նման ակցիաներ է կազմակերպում: