ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2017 թվականի բյուջեի նախագիծը, որը վարչապետի կողմից արժանացավ «կոշտ» որակմանը։ «Թվերը խոսում են դրա մասին՝ 70 մլրդ եկամուտների աճ, պլյուս-մինուս 100 մլրդ ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որ հնչեցնում ենք, բոլոր խնդիրները ակտուալ են»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետը։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ նշեց, որ ամենակարևոր սկզբունքը, որը ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային և պարտքի կայունությունն է։ «2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4.8 տոկոս: Եվ այս տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կունենանք 5.9 տոկոսանոց պակասուրդ: Սրա հետևանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը պարտքի ստեղծման հիմնական աղբյուրն է»,– ասաց նա: Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ արտաքին պարտքը 43.7 տոկոսից աճել է և այս տարի կկազմի 54.4 տոկոս։ Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով կրճատում է ծախսերը: Նախագծով ծախսերը նախատեսված են 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կլինի 2.8 տոկոսի շրջանակներում: