7.05.2025
Նիհաթ Զեյբեքչի. Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը
23.08.2016
Նիհաթ Զեյբեքչի. Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը

Թուրքական Daily Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը: «Մինչև 2015 թվականի նոյեմբերի 24-ը ռուսական ինքնաթիռի ոչնչացումը մենք բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ մենք Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի հետ ստորագրել ենք ազատ առևտրի գոտու ստեղծման մասին շրջանակային համաձայնագիր: Այժմ մենք վերսկսել ենք բանակցությունները և ցանկանում ենք դրանք ավարտել հնարավորինս արագ: Ազատ առևտրի գոտին ներառելու է ծառայությունների ու ներդրումների ոլորտը»,- նշել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը: Հետագայում, ըստ նրա, կողմերը պլանավորել են այնտեղ ներառել արդյունաբերական արտադրությունը և, մասնավորապես, գյուղատնտեսական ոլորտը: Նկատելով, որ Ռուսաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն, որի մեջ ընդգրկված են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, նա ասել է. «Բնականաբար, մենք ցանկանում ենք միանալ ԵԱՏՄ-ին, սակայն առանց վնասելու ԵՄ-ին լիիրավ անդամակցելու գործընթացը և խախտելու Մաքսային միությունը»: