25.11.2024
Վրացի և թուրք սահմանապահները համատեղ ծովային զորավարժություններ են անցկացրել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպումից հետո վճռական քայլերը քիչ հավանական են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Առավոտ» թերթը գրում է. «Ես դրանք բանակցություններ չէի անվանի, բայց աշխարհաքաղաքական կենտրոնները կողմ են, որ ինչ-որ երկխոսություն լինի Բաքվի եւ Երեւանի միջեւ», - Aravot.am-ի հետ զրույցում Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլն այսպես է բնորոշում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Թեեւ առաջիկայում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, նրա խոսքով, քիչ հավանական է, որ վճռական քայլ տեղի կունենա դեպի հակամարտության կարգավորում. «Ամեն դեպքում, այդ բանակցությունները նվազեցնում են պատերազմի հավանականությունը»:


Նավասարդյանի բնորոշմամբ՝ բանակցային սեղանին առկա՝ Կազանի փաստաթղթով ամրագրված կետերը մնում են արդիական. «Ադրբեջանը ցանկանում է տեսնել իր համար ցանկալի հերթականություն՝ առաջին քայլով որոշ տարածքների վերադարձ՝ առանց պարտավորությունների»: Բորիս Նավասարդյանը բանակցային գործընթացում խնդիր է տեսնում. «Ադրբեջանը ցանկանում է ջնջել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության վերնախավում քննարկվում են սպասվող կառուցվածքային փոփոխությունները։ Տարածքային կառավարման նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ մարզերի հարցում երկու մոտեցում կա։ Կա՛մ համայնքների խոշորացումից հետո առհասարակ մարզպետների ինստիտուտը կվերացնեն, ստեղծելով խոշորացված շրջաններ՝ ընտրովի ղեկավարով, կա՛մ էլ փոփոխությունների արդյունքում իրար մոտ գտնվող մարզերը կմիավորեն, եւ արդյունքում 10-ի փոխարեն կլինի 4-5 մարզ։ Այս օպտիմալացմամբ մտադիր են կրճատել ծախսերը։ Թե որ տարբերակը կընտրվի, դեռ հայտնի չէ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Մկրտչյանը, օպերատիվ բաժնի պետ Վահագն Կիրակոսյանը և նրանց կաշառք տվող անձը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ ՔԿՀ-ում ժամը 18:00-ից հետո թեժ իրավիճակ է եղել: ՔԿՀ պետի շուրջ պտտվող իրադարձությունների մասին «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան:


Պարզվում է, որ ձերբակալվելուց երկու օր առաջ Վանաձորի ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Մկրտչյանը հանգիստ գնացել է աշխատանքի: Հոկտեմբերի 6-ին նա իր ծանոթներին ասել է, թե իրավապահները քրեակատարողական հիմնարկի շուրջ ծագած հարցերի մասով կանչել են հարցաքննության: Նա գնացել է հարցաքննության, իսկ ավելի ուշ վերադարձել աշխատավայր՝ առօրյա գործերով: Հոկտեմբերի 9-ին, երբ նրա ծանոթները կրկին զանգահարել են բանտապետին, նա ասել է, թե շատ խառն է, զբաղված, չի կարող խոսել, քանի որ մոտը դատախազությունից մարդիկ կան: Իսկ ահա ավելի ուշ, երբ ծանոթները նրան զանգահարել են՝ հասկանալու համար, թե ինչ եղան «խառը գործերը», նրա հեռախոսը անջատված է եղել: Պարզվել է, որ նա ձերբակալվել է»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Երասխ համայնքում նոր այգիներ են հիմնվում: «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր բիզնես է հիմնել և գյուղացիներից հողեր է գնում: Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանն armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ գյուղացիները վաճառում են իրենց հողակտորները: «Մարդիկ հողերն առել են, գործարար տղա է, բիզնեսմեն տղա է Հայկ Հունանյանը, գյուղում աշխատատեղ է ստեղծել»,- ասաց Ռադիկ Օղիկյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով այգիները հիմնելու է «Գրին ֆարմեր» ընկերությունը:


…ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում «Գրին ֆարմեր» ընկերությունը գրանցվել է 2016 թվականի դեկտեմբերի 28-ին: Հիմնադիրները երեքն են՝ Արման Արտուշի Աբրահամյան, Ռուբեն Վարդանի Հարությունյան և Հենրիկ Վարդանի Հարությունյան: Ընկերության տնօրենը, ինչպես գյուղապետն ասաց, այնպես էլ ռեգիստրում՝ Հայկ Հունանյանն է: Ընկերության 66 տոկոս բաժնեմասը պատկանում է Արման Աբրահամյանին, 17-ական տոկոսները՝ Հարությունյաններին: Ռուբեն և Հենրիկ Հարությունյանները ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի որդիներն են»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը դատական հայց է ներկայացրել նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի դեմ: Պատճառը գույքահարկի պարտքն է: Քաղաքապետարանը պահանջում է դատական ճանապարհով Վարդան Ղուկասյանից բռնագանձել 359 հազար 341 դրամ գույքահարկը: Հայցն արդեն ընդունվել է վարույթ, իսկ դատավորն էլ Էդվարդ Նահապետյանն է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Վարդան Ղուկասյանի մտերիմներից է: Մեկնաբանությունների համար դիմեցինք Վ. Ղուկասյանին, որը պնդեց, թե այդ գումարն արդեն վճարել է. «Յա, յա, յա, Դուք այդպես ուզում եք իմանալ, թե ես վճարել եմ կամ ինչու չեմ վճարել, բոլորն էլ մենք վճարել ենք»: Անհասկանալի մնաց, թե այդ դեպքում ինչու է քաղաքապետը դատարան մտել»:


«Ժողովուրդ» թերթը րում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, պատկանող «Ախթամար» ՓԲԸ-Ն կրկին հայտնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների ուշադրության կենտրոնում: Այս անգամ պետական եկամուտների կոմիտեն դատի է տվել նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ ՊԵԿ-ը պահանջում է ընկերությունից շուրջ 5 միլիոն դրամ գումար բռնագանձել և պարտավորեցնել Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ին կատարել մաքսային պարտավորությունները: ՀՀ վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը նախօրեին հրապարակել է այս գործով վճիռ և պարտավորեցրել է նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը վճարել ՊԵԿ-ի կողմից նշված շուրջ 5 միլիոն դրամը»: