ԵՄ-ն «Արևելյան գործընկերություն+» մոդելն է առաջարկում Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովն առաջարկել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար ներդնել «Արևելյան գործընկերություն+» մոդելն այդ երկրների եվրաինտեգրումը խորացնելու համար: Համապատասխան որոշումը նախատեսվում է ընդունել «Արևելյան գործընկերության» վեհաժողովում, որը կայանալու է Բրյուսելում նոյեմբերի 24-ին: Այդ մասին հայտնել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Արևելյան գործընկերություն+» մոդելում ասոցացված երկրները, որոնք զգալի առաջընթաց են գրանցել ԵՄ-ի հետ կապված բարեփոխումներում, կունենան ռոումինգի սակագների վերացման, մաքսային, էներգետիկ և թվային միություններին անդամակցելու, ինչպես նաև Շենգենյան գոտուն միանալու հեռանկար:
Եվրախորհրդարանի հանձնաժողովը նաև խորհուրդ է տալիս Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար ստեղծել նպատակային հիմնադրամ, որը կկարողանար կենտրոնանալ այդ երկրների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներում մասնավոր և պետական ներդրումների վրա:
Բանաձևը, որը պարունակում է այդ առաջարկներն «Արևելյան գործընկերության» վեհաժողովի համար, հավանության է արժանացրել Եվրախորհրդարանի հանձնաժողովի 40 անդամ, դեմ է եղել 6 անդամ: Բանաձևի նախագիծը կդրվի Եվրախորհրդարանի քվեարկությանն այս տարվա նոյեմբերին Ստրասբուրգում: