ՌԴ-ում կպարտադրեն փոխել ազգային վարորդական վկայականները
ՌԴ ՆԳՆ-ում մշակում են օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, համաձայն որի ՌԴ տարածքում վեց ամսից ավելի ժամկետով գտնվելու դեպքում օտարերկրյա քաղաքացիները ստիպված կլինեն փոխել վարորդական վկայականները:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, նման փոփոխությունների հիմքում է ՀՀ ոստիկանության հետ խորհրդատվությունների արդյունքում ընդունված որոշումը: Ենթադրվում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բոլոր քաղաքացիների համար հնարավորություն կընձեռվի ազգային վարորդական վկայականներով վարել տրանսպորտային միջոցներ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն ծավալելու պարագայում: Գերատեսչության տվյալների համաձայն, ՌԴ քաղաքացիություն ստացած կամ մշտապես ՌԴ տարածքում բնակվող անձինք երբեմն վարում են տրանսպորտային միջոցները ազգային վկայականներով, այդ թվում՝ անժամկետ վկայականներով: Իսկ ՌԴ օրենսդրությունը դա չի արգելում: Սակայն այդ ամենը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին չանցնել պարտադիր բուժզննում վկայականը փոխելու ժամանակ:
Հաշվի առնելով այս ամենը, ՌԴ ՆԳՆ-ում մտադրվել են փոփոխություններ կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում, համաձայն որի՝ ՌԴ-ում բնակվող օտարերկրացի քաղաքացու վարորդական վկայականը ուժը կորցված է ճանաչվում ՌԴ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի ստանալուց վեց ամիս անց կամ ՌԴ տարածք մուտք գործելուց վեց ամիս անց:
Հիշեցնենք, որ 2017-ի հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է օտարերկրյա վարորդական իրավունքներով վարորդներին աշխատել երկրի տարածքում՝ տրանսպորտի ոլորտում։ Հուլիսի 14-ին Պետդուման ընդունել է օրենք, ըստ որի այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսաց լեզուն պաշտոնական կարգավիճակ ունի (Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը) իրավունք է տրվում վարորդ աշխատել Ռուսաստանի տարածքում՝ ազգային վարորդական իրավունքների հիման վրա։