1.08.2025
Հայաստանում շատ են կարեւորում Պուտինի նախագահի պաշտոնում վերընտրվելը. հարցում
20.02.2018
Հայաստանում շատ են կարեւորում Պուտինի նախագահի պաշտոնում վերընտրվելը. հարցում

Հայաստանում ակտիվորեն հետևում են Ռուսաստանում ընթացող ընտրական գործընթացներին, համարելով, որ հենց դրանց արդյունքներից է կախված հայկական պետության հետագա բարեկեցությունը: Այս մասին փետրվարի 20-ին տեղի ունեցած «Ներկայիս ընտրական գործընթացները Հայաստանում և Ռուսաստանում հայ հասարակության աչքերով» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փերձագետները՝ ներկայացնելով սոցհարցման արդյունքները: Ասուլիսի ընդացքում բանախոսներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը ներկայացրեցին, որ մարտի 18-ին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրությունները, իսկ Հայաստանում ապրիլի 9-ին կլրանան նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և երկիրը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի: Խորհրդարանը կընտրի նոր նախագահ, ինչպես նաև կընտրվի վարչապետ, որը փաստացի կդառնա երկրի ղեկավարը: Նրանք նշեցին, որ այս երկու իրադարձությունները կարևոր են Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանի դեպքում խոսքը գնում է մի երկրի մասին, որի հետ Հայաստանը սերտորեն կապված է գրեթե բոլոր ոլորտներում: Ըստ բանախոսների, Հայաստանում ակտիվորեն հետևում են Ռուսաստանում ընթացող ընտրական գործընթացներին, համարելով, որ հենց դրանց արդյունքներից է կախված հայկական պետության հետագա բարեկեցությունը: Ուսումնասիրելով հասարակական կարծիքը` պարզ է դառնում, որ հայ հասարակության զգալի մասը երկրի անվտանգությունն ու տարածաշրջանի կայունությունը կապում են ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հետ: ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ–ի արդյունավետ աշխատանքը նույնպես շաղկապվում է երկու երկրների ղեկավարների հետ, քանի որ վերջիններս ընկալվում են իբրև հայ-ռուսական սերտ հարաբերությունների երաշխիք: Սոցհարցումն անցկացվել է Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում տարբեր տարիքային խմբերին պատկանող 1000 քաղաքացիների շրջանում: Հարցումը անցկացրել է «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը: Ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը նշեց, որ հետազոտության մասնակիցներից 28%-ը ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի վրա գտնվելու փաստը կապում է աշխարհաքաղաքական շահերի հետ, 37%-ի կարծիքով դա երկու երկրների ներկայիս նախագահների աշխատանքի արդյունքն է, 12%-ը համարում է, որ դրա պատճառը այս երկրների պատմական մտերմությունն է, իսկ 23%-ը այս փաստը կապում է Ռուսաստանում առկա հայկական մեծ համայնքի հետ: Այն, թե ինչպես է Վլադիմիր Պուտինի` ՌԴ նախագահ ընտրվելու փաստն ազդում Հայաստանի վրա, հարցվողների 39%-ը նշել է կայունության ապահովում տարածաշրջանում, 28%-ի կարծիքով այն ազդում է Հայաստանում որոշակի տնտեսական բարեկեցության ապահովման վրա, 32%-ը համարում է, որ Պուտինի նախագահ լինելու փաստն ապահովում է Ռուսաստանում հայ համայնքի բարեկեցիկ կյանքը, իսկ 1%-ը գտնում է, որ ոչ մի ազդեցություն չունի նրա նախագահ լինելու հանգամանքը: Հետազոտության ժամանակ նաեւ հարց է ուղղվել առ այն, թե ինչ ազդեցություն ունի Սերժ Սարգսյանի՝ երկրի ղեկավար լինելու փաստը հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանի խոսքով հարցվածենրի 44%-ի կարծիքով այն ապահովում է Հայաստանի ռուսամետ արտաքին վեկտորը, 52%-ը համարում է, որ այդ փաստն ազդում է Հայաստանի` ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի ակտիվ մասնակցության վրա, իսկ ընդամենը 4%-ը գտնում է, որ ոչ մի ազդեցություն չունի: Հարցման ընթացքում մասնակիցները 10 բալանոց սանդղակով գնահատել են հայ-ռուսական հարաբերությունները նախագահներ Սարգսյանի և Պուտինի ղեկավարման տարիներին: Հարցվողների պատասխանների միջին ցուցանիշը կազմել է 9: Ակումբի փորձագետները ամփոփեցին սոցհարցման արդյունքները ՝ • Հայաստանի քաղաքացիների զգալի մասը հայ-ռուսական բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները կապում են երկու երկրների ղեկավարների հետ• Հայ հասարակությունը Հայաստանում տնտեսական որոշակի բարեկեցությունը և կայունությունը տարածաշրջանում կապում է Ռուսաստանում Պուտինի ղեկավարման հետ• Հայաստանի ռուսամետ ուղղությունը և ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում անդամակցությունը հարցման մասնակիցները կապում են Սարգսյանի հետ • Սարգսյանը և ՎՊուտինը համարվում են հայ-ռուսական դաշնակցական հարաբերությունների երաշխիք: