Վրաստանն այսօրվա դրությամբ բոլորից շատ է պատրաստ ՆԱՏՕ-ին անդամակցելուն` բոլոր չափանիշներով, որոնք պահանջվում են անդամակցության համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Մենք գրեթե կանգնած ենք ՆԱՏՕ-ի դռների մոտ, որոնք պետք է բացվեն: Սակայն դեռ քաղաքական իրողությունն այնպիսին է, որ մենք այս փուլում երևի չստանանք MAP-ը (ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան), սակայն այդ պահանջը մենք պետք է մշտապես դնենք»,- ասել է նա: Ըստ Վրաստանի նախագահի` չի կարելի ժամանակը սպասումների վրա ծախսել: «Մեզ ավելի շատ ՆԱՏՕ է հարկավոր, ավելի շատ անվտանգություն, ավելի շատ համագործակցություն, և ՆԱՏՕ-ն պատրաստ է դրան»,- ասել է Զուրաբիշվիլին` գնահատելով իր` Բրյուսել կատարած այցի արդյունքները: