23.08.2025
Եթե ​​մենք ունենանք «Թրամփի գործարք», ապա որքա՞ն այն կտևի. Զարիֆի հռետորական հարցը
15.01.2020
Եթե ​​մենք ունենանք «Թրամփի գործարք», ապա որքա՞ն այն կտևի. Զարիֆի հռետորական հարցը

Իրանը քննադատել է եվրոպական մի շարք երկրների կողմից միջուկային համաձայնագրի առնչությամբ Իրանի հետ վեճերի լուծման պաշտոնական մեխանիզմ գործարկելու որոշումը: Ինչպես հաղորդում է VERELQ-ի թղթակիցը Նյու-Դելիում ընթացող «Ռայսինի երկխոսություն» միջազգային համաժողովից, այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Մենք ունեինք մեխանիզմներ, և Իրանն իր ջանքերն ուղղեց միջուկային համաձայնագրի իրագործմանը: Գոյություն ունի մեխանիզմների համակարգ, որը նախատեսված է նաև այն դեպքերի համար, եթե կողմերից մեկը չհարգի համաձայնագիրը (խոսքը միջուկային համաձայնագրի մասին է - խմբ.): Իրանը դեռևս 2018-ի մայիսին ձեռնարկեց համապատասխան միջոցներ: Եվրոպացիներն էլ միջոցներ ձեռնարկեցին իրենց անկարողությունը թաքցնելու համար»,- ասաց Զարիֆը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջուկային համաձայնագրի առնչությամբ Իրանի հետ վեճերի լուծման պաշտոնական մեխանիզմ գործարկելու որոշումը: Նախքան այդ իր ելույթում Իրանի արտգործնախարարը «ռազմավարական սխալ է» որակել եվրոպական երկրների այդ որոշումը: Զարիֆը նաև կասկածի տակ է առել այն, որ Թեհրանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ցանկացած նոր համաձայնագիր՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի փոխարեն, կարող է երկար տևել: «Մենք  ունեինք գործարք Միացյալ Նահանգների հետ, որը հենց ԱՄՆ-ն էլ խզել է: Եթե ​​մենք ունենանք «Թրամփի գործարք», ապա որքա՞ն այն կտևի: Տասը ամի՞ս», - հռետորական հարց է հնչեցրել Զարիֆը: Նա նաև հերքել է միջուկային ոլորտում ցանկացած ուղիղ բանակցություն ԱՄՆ հետ: Հիշեցնենք, եվրոպական երեք պետությունների ղեկավարները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ այլ ելք չունեն, քանի որ Թեհրանը պաշտոնապես հրաժարվել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններից: Բորիս Ջոնսոնը, Անգելա Մերկելը և Էմանյուել Մակրոնը մասնավորապես նշել են, որ համաձայն չեն Իրանի գործողությունների հետ, ինչը կարող է հանգեցնել «անդառնալի հետևանքների»: Իր հերթին, Թեհրանը սպառնացել է պատասխանել այս պետությունների դեստրուկտիվ ջանքերին: