14.07.2026
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
prev Նախորդ նորություն

«Մուլտի Տաբակ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել

 


«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող «Մուլտի Տաբակ» գործարանի աշխատակիցները հուլիսի 14-ին բողոքի ակցիա են իրականացրել Կոտայքի մարզում՝ ընդդեմ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկությունը կապարակնքելու որոշման։ Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ 130 հոգանոց ողջ կոլեկտիվը մնացել է առանց աշխատանքի, իսկ արտադրական գործընթացն արդեն իններորդ օրն է, ինչ հարկադրաբար կասեցված է, ինչի պատճառով մարդիկ զրկվել են իրենց ընտանիքները պահելու հնարավորությունից։


Գործարանի բացման պահից՝ շուրջ չորս տարի այնտեղ աշխատող մասնակիցներից մեկը խորին վրդովմունք է հայտնել իշխանությունների գործողությունների կապակցությամբ․ «Մենք չենք պատրաստվում նահանջել։ Կառավարությունն ապօրինի կերպով կնքել է մեր ձեռնարկությունը՝ առանց աշխատանքի թողնելով 15 հազար մարդու։ Չորս տարվա մեջ առաջին անգամ է, որ գործարանի դռները փակ են իմ առջև։ Այն ժամանակ, երբ վարչապետը շրջագայում է երկրով ու սելֆիներ անում, հազարավոր մարդիկ զրկվում են աշխատանքից։ Մի՞թե իշխանություններն ուզում են, որ մենք պարզապես հուսահատվենք ու արտագաղթենք այս երկրից։ Մեր կոկորդին է հասել այս իշխանությունը, որը կարևոր առաջնություններից առաջ փակեց մարզահամալիրները և կաթվածահար արեց 70 ձեռնարկություն։ Եթե պետական մարմինները հարցեր ունեն, թող ստուգումներ անցկացնեն, բայց մեզ թույլ տան զուգահեռ աշխատել»։ Նա նաև հավելել է, որ ուժայինները նույնիսկ թույլ չեն տալիս աշխատակիցներին կնքված շենքից վերցնել իրենց անձնական իրերը։


Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու ձեռնարկություններում լայնածավալ խուզարկությունները սկսվել են հուլիսի 6-ին, ինչից հետո նա ձերբակալվել ու կալանավորվել է 2022-2024 թվականներին կատարված խարդախության և փողերի լվացման գործով։ Դրան հաջորդած օրերին՝ հուլիսի 13-ին և 14-ին, Ծառուկյանի միանգամից մի քանի փակված ձեռնարկությունների՝ «Մուլտի Սթոուն» քարամշակման գործարանի, «Մուլտի Գրանդ» հյուրանոցի, «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի և «Մուլտի Տաբակ» ֆաբրիկայի աշխատակիցները բողոքի ակցիաներ են իրականացրել Երևանում ու Աբովյանում՝ իշխանություններից պահանջելով ապաշրջափակել բիզնեսը և իրենց չզրկել ապրուստի միջոցից։


 


 

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրից օգտվել է շուրջ 17 հազ. ընտանիք
Հաջորդ նորություն next