14.07.2026
Ոստիկանության նախկին պետին հետմահու մեղադրանք է առաջադրվել՝ Մարտի 1-ի գործով
prev Նախորդ նորություն

Տեսչական մարմինը հորդորում է պահպանել կանոնները ամառային միրգ-բանջարեղեն գնելիս

Ամռանը բնական ճանապարհով հասած մրգերը, հատապտուղներն ու բանջարեղենը պարունակում են առավելագույն քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, որոնք ապահովում են մեր օրգանիզմի պահանջները՝ ամրապնդելով իմունային համակարգը:


Սեզոնային մրգերի, հատապտուղների և բանջարեղենի օգտագործումն առողջ և բալանսավորված սննդակարգի հիմքն է, և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս բանջարեղեն և միրգ ընտրելիս հետևել մի շարք պարզ կանոնների՝ այդպիսով նվազագույնի հասցնելով աղիքային վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումները․


- մրգերն ու բանջարեղենը ձեռք բերեք միայն հաստատված և վերահսկվող վաճառակետերից,


- անհրաժեշտության դեպքում պահանջեք մթերքի որակն ու անվտանգությունը հաստատող փաստաթղթեր,


- ուշադրություն դարձրեք վաճառողի անձնական հիգիենային,


- ստուգեք վաճառքի վայրի և հարակից տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը։


«Գնումներ կատարելիս ուշադրություն դարձրեք մթերքի արտաքին տեսքին, գույնին և հոտին։ Պտուղները պետք է ունենան տվյալ տեսակին բնորոշ գույն, լինեն ամբողջական, առանց փչացման, նեխման կամ կեղևի վնասվածքների նշանների։ Հասուն և որակյալ պտուղները սովորաբար առանձնանում են հաճելի և բնական բույրով։


Հիշեցնենք՝ արգելվում է վաճառել նեխած, փչացած կամ վնասված կամ օգտագործման համար ոչ պիտանի բանջարեղեն և միրգ։


Օգտագործելուց առաջ պտուղները մանրակրկիտ լվացեք հոսող ջրի տակ։


Մի մոռացեք նաև անձնական հիգիենայի մասին․ լվացեք ձեռքերը ուտելուց առաջ, դրսից տուն վերադառնալուց և կենդանիների հետ շփվելուց հետո։


Պահպանեք մրգերի, բանջարեղենի և հատապտուղների պահման պայմանները, ճիշտ ջերմաստիճանը՝ թարմությունն ու անվտանգությունը երկար պահելու համար։


Պտուղ բանջարեղենի ճիշտ ընտրությունը և հիգիենայի մի շարք պարզ կանոնների պահպանումը կօգնեն օգտվել սեզոնային մթերքների օգտակար հատկություններից՝ առանց վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումների ռիսկերի», - ասվում է հաղորդագրությունում։


 

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ընտրակաշառքի նոր դեպքի մասին
Հաջորդ նորություն next