ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը մարտի 2-ին կայացած հանդիպմանը պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրել: «Հանդիպման նպատակն էր քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու հեռանկարները: Ողջունելով նորանշանակ տնօրենին՝ նախարարը կարևորեց Հարավկովկասյան երկաթուղու անխափան աշխատանքը. ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների անվտանգությունը և օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը: ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ ԱԻ նախարարության հետ աշխատանքը համագործակցության հաջողված օրինակ է: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետագա համագործակցության վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրել»,- ասված է հաղորդագրության մեջ: