Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ասլան Բժանիային:Ուղերձում ասված է.«Մեծարգո՛ Ասլան Գեորգիի,Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:Ձեր անցած ճանապարհը, գիտելիքները, պետական ու քաղաքական գործչի փորձը, անկասկած, կծառայեն Աբխազիայի հետագա բազմակողմանի զարգացմանն ու նրա պետական ինքնիշխանության ամրապնդմանը:Արցախում բարձր են գնահատում Աբխազիայի հետ բարեկամության եւ սերտ համագործակցության ավանդույթների վրա հիմնված եղբայրական հարաբերությունները: Համոզված եմ, որ մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերը հետագայում եւս կընդլայնվեն ու կխորանան:Կրկին շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Ասլան Գեորգիի, պետության ղեկավարի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:Մաղթում եմ բարեկեցություն եւ հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում՝ հանուն Աբխազիայի խաղաղության եւ բարգավաճման»: