Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Հայ-սիրիական հարաբերություններին հատուկ են պատմականորեն ձևավորված ամուր բարեկամությունը, փոխադարձ համակրանքը, համագործակցության և փոխաջակցության ոգին։ Սիրիական ճգնաժամի ընթացքում Հայաստանն իր հաստատուն աջակցությունն է ցույց տվել Սիրիային, որի խոսուն ապացույցը Հալեպում հայկական մարդասիրական առաքելության գործունեությունն է: Համոզված եմ, որ մեր պետությունների միջև ավանդական երկխոսությունը հետագայում ևս կշարունակի ընդլայնվել և խորանալ՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների: Լիահույս եմ, որ Սիրիան կհաղթահարի առկա ճգնաժամը և կթևակոխի առաջընթացի և զարգացման նոր փուլ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը՝ նպաստելու վերականգնողական գործընթացներին։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»: