Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի հետ ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրի փոփոխություններին: Որոշումն ընդունվել է հունվարի 30-ի նիստում: Փոփոխությունները միտված են կարգավորելու երկու երկրների տարածքում գրանցված տրանսպորտային միջոցների օգտագործման կարգը, ինչպես նաև հարկային և այլ արտոնությունների տրամադրման գործընթացը: Կառավարության գնահատմամբ, այս փոփոխությունները կդյուրացնեն երկու երկրների միջև բեռնափոխադրումների գործընթացը և կբարձրացնեն Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանային փոխադրումներում: Փաստաթուղթը կներկայացվի Սահմանադրական դատարանի քննարկմանը, այնուհետև՝ Ազգային ժողովի վավերացմանը: