Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ նախագահին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատվիրակության ջերմ ընդունելության եւ կառուցողական երկխոսության համար: Բուլղարիայի նախագահը նշել է, որ չնայած հայ-բուլղարական սերտ միջպետական հարաբերություններին՝ կա համագործակցության չիրացված մեծ ներուժ արդյունաբերական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: «Հայ համայնքը մեծ ներդրում ունի Բուլղարիայի մշակութային, գիտական եւ կրթական կյանքում, եւ մենք ուրախ կլինենք զարգացնել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցությունն այս եւ այլ ոլորտներում»,- նշել է Բուլղարիայի նախագահը: Անդրադառնալով ժողովրդավարական ինստիտուցիոնալ բարեփոխումներին եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Ռումեն Ռադեւը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին եւ ընդգծել, որ Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բուլղարիայի նախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ այն խնդիրները, որոնց Հայաստանը բախվում է հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ հարատեւ անվտանգության հաստատման հարցում: Ռումեն Ռադեւն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ եւ վստահեցրել, որ Բուլղարիան կանի ամեն բան՝ նպաստելու խաղաղության հաստատմանը: «Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացին, եւ այս համատեքստում մենք ակնկալում ենք նաեւ Բուլղարիայի աջակցությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ռազմական եւ առեւտրատնտեսական ոլորտներում: