24.11.2024
Պատրաստվում եմ մասնակցել առաջիկա ընտրություններին. Վահան Բաբայան
prev Նախորդ նորություն

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացնում է ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից ամերիկահայ համայնքին ուղղված ուղերձի ձեւաչափով ։


ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը։


Երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում՝ Ադրբեջանին զինելու, Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականացնելու օժանդակելուն և Արցախը լքելու համար։ Որևէ մի կողմ չի հրաժարվել կամ չեղարկել այս անխոհեմ, անպատասխանատու և ցեղասպանությանն աջակցող քաղաքականությունը:


Մենք շարունակում ենք աշխատել երկու կողմերի հետ էլ և ողջունում նրանց զորակցության խոսքերը՝ հայ-ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ։ Գիտակցելով, որ քարոզարշավի հայտարարություններն օգնում են մոտավոր ուղենիշ սահմանել Վաշինգտոնում մեր խնդիրների ձևակերպման համար՝ այնուամենայնիվ, հաշվի ենք առնում մեր սեփական փորձը, երբ ակնհայտորեն չի ներկայացվում որևէ տեսակի պայմանագրային պարտավորություն փաստացի քաղաքականության համար, պաշտոնը ստանձնելուց հետո:


Այնուամենայնիվ, մենք պետք է նշենք՝ մեր երկիրը ղեկավարելու ձգտողների կողմից արված այս հայտարարությունները, ըստ էության, մեր աշխատանքի, այն դիրքի ու հարգանքի արդյունքն են, որ մենք վաստակել ենք մեր աշխատանքի արդյունքում՝ հատկապես Միչիգանում, Փենսիլվանիայում, Վիսկոնսինում, Ջորջիայում, Հյուսիսային Կարոլինայում, Նևադայում, Արիզոնայում և այլ «ճոճվող» նահանգներում։


Քաղաքական գործիչները ձգտում են վաստակել մեր ձայները, ինչով էլ պետք է աշխատի մեր ժողովրդավարությունը:


Թեև մենք ոգևորված ենք մեր աջակցությունը ստանալու համար առկա մրցակցությունից, հիմնական հարցը մնում է այն, որ խոսքերը բավարար չեն: Խոշոր կուսակցական թեկնածուներից ոչ մեկը չի ունեցել այն կոնկրետ արդյունքները, որոնք ի վիճակի են ապահովել մեր աջակցությունն ընտրություններից առաջ։ Մենք վաղուց թևակոխել ենք այն օրը, երբ հավատում էինք քարոզարշավային շատ հաճախ դատարկ խոստումներին, թե ինչ են անելու թեկնածուները ընտրվելուց հետո:


Այսօր կան գործողություններ, որոնք կարող են իրականացվել.


Հանրապետականները․ Օրինակ, նախագահ Թրամփը կարող է հրապարակայնորեն կոչ անել խոսնակ Ջոնսոնին ընդունել 7288 բանաձևը` կիրառելով 907-րդ հոդվածի սահմանափակումը ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օժանդակության վերաբերյալ: Ջեյ Դի Վենսը, որպես ԱՄՆ գործող սենատոր, կարող է հովանավորել 540 բանաձևը, որն ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի օժանդակության օգտագործումը հակահայկական ռազմական հանցագործություններ կատարելու համար:


Դեմոկրատները․ Փոխնախագահ Հարիսը կարող է հայտարարել վարչակազմի կողմից 907-րդ բանաձևի պաշտոնական կիրարկման, Ադրբեջանի դեմ Մագնիցկու պատժամիջոցների կիրառման և COP29-ին մասնակցելուց հրաժարվելու մասին, քանի դեռ բոլոր հայ պատանդները ազատ չեն արձակվել:


Այս ամենն ասելով՝ մենք խորապես հպարտ և ոգևորված ենք այս տարվա ընտրական փուլին մեր համայնքի ակտիվ մասնակցությամբ և ուրախ ենք տեսնելու, որ թեկնածուները մրցում են մեր ձայների համար՝ ձգտելով վաստակել մեր վստահությունը: Սա հարգանքի տուրք է հայկական ծագում ունեցող մեր հայրենակից ամերիկացիներին, ովքեր ձևավորվել են որպես առանցքային ընտրական ուժ, որն օգտագործելով մեր հավաքական ռեսուրսները, կարող է գործել ռազմավարական կարևորությամբ՝ ամերիկյան քաղաքական ասպարեզում ուշադրություն հրավիրելով Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության վրա։


Եթե ​​դուք հիասթափված եք, թե ինչպես են ընկալում ձեր նախընտրած թեկնածուին ամերիկահայ ընտրողները, արեք ամեն ինչ ձեր թեկնածուին մղելու, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկեն Բաքվին, զսպեն ադրբեջանական նոր ագրեսիան, ապահովեն հայ պատանդների ազատ արձակումը և ճանապարհ հարթեն հայերի Արցախ վերադարձի համար։


Գործելով առանց վախի և բարեհաճության՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը չի իջեցնի մեր համայնքի չափանիշները՝ որևէ թեկնածուի ընդունելու կամ հավանություն տալու համար, այլ, ավելի շուտ, ավելի մեծ եռանդ և նվիրվածություն կհաղորդի թեկնածուներին մեր արդար խնդիրները բարձրացնելու գործում:


Շարունակե՛ք ճնշումը։ Դա աշխատում է։


ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ