4.12.2025
Գործադիրը երկարաձգել է արցախցիներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը
28.03.2024
Գործադիրը երկարաձգել է արցախցիներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը

Կառավարությունը երկարաձգել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը և ընդլայնել շահառուների շրջանակը: Նման որոշում ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 28-ի նիստին: Համաձայն ընդունված որոշման, ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40 հազար+10 հազար դրամի» ծրագիրը երկարաձգվում է ևս 9 ամսով, այսինքն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը շարունակել 2024 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր ներառյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով, վճարումը կիրականացվի նույն տրամաբանությամբ՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ և՛ անչափահասներին, և՛ չափահասներին: «Առաջարկվող նախագծով պահպանվում են «40 հազար +10 հազար» միջոցառման հիմնական պայմանները: Միաժամանակ մենք այս նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը, մասնավորապես որպես շահառու ենք դիտարկում 2020 թվականից հետո տեղահանված ընտանիքի անդամներին: Այսօր նախագծով շահառու կդառնան նաև բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն՝ մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմում ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն միջոցառման շահառու է», - ասել է նախարարը: Ըստ նախարարի՝ որոշմամբ նախատեսված միջոցառմանը չեն կարող մասնակցել Հայաստանում բնակարան հավաստագրի իրավունք ունեցող ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին: «Նույն նախագծի շրջանակում նաև ժամկետների փոփոխություն ենք իրականացնում 100 հազարների և 50 հազարների միջոցառումներում՝ հնարավորություն տալով շուրջ 350 հոգու դառնալ 100 հազարների և մյուս միջոցառումների շահառու, եթե նրանց տեղահանված ճանաչելու ուղղությամբ ընթացիկ դիմումների հիման վրա մենք Միգրացիոն ծառայությունից կստանանք հաստատում տեղահանված լինելու փաստի մասով: Հստակեցվում և լավարկվում են նաև որոշ իրավակարգավորումներ: Դիմումներն ընդունվելու են ապրիլի 15-ից: «40 հազար+10 հազար» միջոցառման համակարգում դիմում ունեցող չափահասները կրկին դիմելու կարիք չեն ունենալու»,- նշել է Նարեկ Մկրտչյանը: Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարարը տեղեկացրել է, որ որոշմամբ ընդլայնվում է աջակցության շրջանակը, որի արդյունքում 2020 թվականից հետո տեղահանված ընտանիքներն էլ են դառնում շահառու: «Դրանց թիվը շուրջ 6000 է, ինչպես նաև տեղահանումից հետո մենք դեպքեր ունենք, երբ ընտանիքներում նոր երեխաներ են ծնվել, և հարց է առաջանում՝ երեխաները շահառո՞ւ են, թե՞ չէ», - ասել է նա: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն տեղեկատվությանը, որի համաձայն ավելի քան 11 800 ԼՂ-ից բռնի տեղահանված աշխատանքի է ընդունվել ՀՀ-ում և ընդգծել, որ այդ գործընթացը պետք է քաջալերել: VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է նախաձեռնել Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20-ին հանրապետության իշխանություններն ընդունել են կրակի դադարեցման մասին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկը: Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել այն մասին, որ բոլոր պետական մարմինները լուծարվում են, և 2024 թվականի հունվարի 1-ից Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Արցախի բնակիչները ստիպված զանգվածաբար լքել են հանրապետության տարածքը և տեղափոխվել Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված քաղաքացի: