22.01.2026
Ժնև կատարած այցն Անահիտ Ավանեսյանն ամփոփել է գործընկերների հետ երկկողմ հանդիպումներով
30.05.2024
Ժնև կատարած այցն Անահիտ Ավանեսյանն ամփոփել է գործընկերների հետ երկկողմ հանդիպումներով

Ժնև կատարած այցն Անահիտ Ավանեսյանն ամփոփել է գործընկերների հետ երկկողմ հանդիպումներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ նախարարը քննարկել է մի քանի ոլորտներում համագործակցության ընթացքը` բնակչությանը վարակիչ հիվանդություններից պաշտպանություն. դեղագործության ոլորտում համագործակցության խթանում. միջսահմանային արտակարգ իրավիճակների կառավարման ու վերահսկման նպատակով արագ արձագանքման բժշկական թիմերի սերտ համագործակցություն: Միխեիլ Սարջվելաձեն շնորհակալություն է հայտնել նախարարին ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված դեղերի ապահովման հարցում Վրաստանին ցուցաբերած աջակցության համար: Անահիտ Ավանեսյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան և ստացել փոխադարձ հրավեր: Իրանի առողջապահության նախարար Բահրամ Էյնոլլահիի հետ հանդիպման ժամանակ նախարարը ցավակցել է գործընկերոջը` Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և բարձրաստիճան մյուս անձանց մահվան կապակցությամբ: Ընդգծվել է հարևան երկրների հարաբերությունների բարեկամական և բարձր մակարդակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր և մշակված ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացնել առողջապահության ոլորտում միջգերատեսչական հուշագրով սահմանված կոնկրետ քայլեր: Քննարկվել են աշնանը Հայաստանում սպասվող դեղագործական երկկողմ ցուցահանդեսի մանրամասները: Բրազիլիայի առողջապահության նախարարի տեղակալ Կառլոս Գադելհայի հետ հանդիպմանը երկուստեք ներկայացվել են ոլորտային առաջնահերթությունները, որոնց մասով երկու երկրներում էլ համընկնումներ կան` ԱԱՊ օղակի բարելավում և ամրապնդում. առողջության համապարփակ ապահովագրության ներդրում. միջին բուժաշխատողների կարիքների լուծում: Առանձնակի շեշտվել է դեղագործական ոլորտում փոխգործակցության ծավալումը։ Քննարկվել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրի կետերը, որի հիման վրա մշակվում է գործնական ծրագիր։ Ղազախստանի առողջապահության նախարար Ակմարալ Ալնազարովայի հետ հանդիպմանը Անահիտ Ավանեսյանը կարևորել է վերջին տարիներին Ղազախստանի առողջապահության նախարարության ձեռքբերումները` առողջապահության ոլորտի զարգացման գործում` ՏՏ֊ի գործիքակազմի միջոցով, և առաջարկել երկկողմ հարաբերություններով հաստատված կետերը խթանել ակտիվ շփումներով: Նաև բժշկագիտության ոլորտում համագործակցության առաջարկներ են քննարկվել: