ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է «Ռաիսինա՝ Մերձավոր Արևելք» համաժողովին
Լուսանկարը՝ mfa.am
Հունվարի 28-ին Դավիթ Կարապետյանը մասնակցել և ելույթ է ունեցել Աբու Դաբիում անցկացվող «Ռաիսինա՝ Մերձավոր Արևելք» համաժողովի շրջանակներում կայացած «Hinterland to High Streets: Connectivity, Commerce and Communities» խորագրով քննարկմանը։
Իր խոսքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն անդրադարձել է առևտրի և տրանսպորտի վրա տարածաշրջանային ճգնաժամերի ազդեցության հաղթահարման կարևորությանը՝ մատնանշելով հակամարտությունների բացասական ազդեցությունը տարածաշրջանների ենթակառուցվածքների և տնտեսությունների վրա: Նա ընդգծել է, որ անվտանգ տրանսպորտային ուղիների ապահովումը և ենթակառուցվածքներում ներդրումների խթանումը առանցքային դեր են խաղում տարածաշրջանային խաղաղության և կայունության համատեքստում:
Դավիթ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը, տասնամյակներ շարունակ առերեսվելով և դիմակայելով աշխարհաքաղաքական և անվտանգային մարտահրավերներին, հաստատուն է իր դիրքորոշման մեջ, որ տարածաշրջանային համագործակցությունը և տրանսպորտային նախագծերն ի զորու են հաղթահարել քաղաքական տարաձայնությունները և խթանել խաղաղությունը, կայունությունը և աճը։
Դրա վառ օրինակն է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նպատակ ունի վերափոխելու անվտանգային գործընկերային ճարտարապետությունը Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում:
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի խթանել տարածաշրջանային համագործակցությունը՝ ընդլայնելով կապը Ծոցի, Սև ծովի և Կասպից ծովի տարածաշրջանների միջև և խթանելու դրանց ինտեգրումը գլոբալ տրանսպորտային ցանցերում: Ադրադառնալով Արևելքի ու Արևմուտքի միջև պատմականորեն խաչմերուկ հանդիսացող Հայաստանի դերին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի՝ որպես պատմականորեն համաշխարհային առևտրային հանգույց լինելու համգամանքին՝ Դավիթ Կարապետյանն ընդգծել է, որ տարածաշրջանները կապող անվտանգ առևտրային ուղիները կարող են վերականգնել տարածաշրջանների այդ դերն ու նշանակությունը՝ խթանելով տնտեսական կապերը, մշակութային երկխոսությունը և գլոբալ կայունությունը: