23.07.2026
Սյույ Մինգ-Չի. Չինաստան-ԵԱՏՄ համագործակցության շրջանակում ՀՀ-ն լուրջ դերակատարում կունենա
14.10.2016
Սյույ Մինգ-Չի. Չինաստան-ԵԱՏՄ համագործակցության շրջանակում ՀՀ-ն լուրջ դերակատարում կունենա

Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի համագործակցությունը շատ կարևոր է և այս համագործակցության շրջանակում կարևոր դեր ու նշանակություն ունի Հայաստանը: Այս մասին Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Շանհայի Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Սյույ Մինգ-Չին: Նրա խոսքով, Չինաստանը և ԵԱՏՄ-ն կարող են համագործակցել և՛ էներգետիկ, և՛ ինֆրաստրուկտուրալ, և՛ տնտեսական այլ ոլորտներում: Իսկ Չինաստանը, հատկապես գյուղատնտեսության և գյուղմթերքների արտադրության և դրանց արտահանման տեսանկյունից, կարող է Հայաստանի համար լավ շուկա լինել: «Օրինակ, հայկական գինին Շանհայի մի քանի միլիոնանոց բնակչության համար շատ գրավիչ արտադրանք կարող է լինել: Այս պահի դրությամբ չինական մի քանի կազմակերպություններ ուսումնասիրում են հայկական շուկան և փնտրում ներդրումների համար գրավիչ ոլորտներ»,- նշել է նա: Սյույ Մինգ-Չինի խոսքով, Մետաքսի ճանապարհի շրջանակում Չինաստանը ցանկանում է Եվրոպան և Ասիան կապել իրար, այդ թվում երկաթգծի միջոցով, որի դեպքում անհրաժեշտ է ոչ թե երկկողմ, այլ տարածաշրջանային համագործակցություն: Եվ Հայաստանն այստեղ լուրջ դերակատարում կարող է ունենալ: Նշենք, որ միջոցառման ընթացքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Համագործակցության հուշագրեր ստորագրվեցին ՌԴ տարբեր մարզերի և ՀՀ կառավարության միջև՝ հիմք դնելով առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և սոցիալական ոլորտներում համագործակցությանը: