26.11.2024
ՔԿ. Ընտրախախտումների վերաբերյալ հարուցվել է 6 քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է
prev Նախորդ նորություն

ԱՊՀ դիտորդներ. Ընտրությունները ազատ էին և արդար

Նախօրեին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները ազատ էին, թափանցիկ և համապատասխանում էին ժողովրդավարական չափանիշներին: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:


Նրա խոսքով, քվեարկության ընթացքում առաքելությունը չի արձանագրել որևէ խախտումներ, որոնք կարող էին էականորեն ազդել արդյունքների վրա:


Ինչպես իր խոսքում նշեց դիտորդական խմբի համակարգող, Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակ Բոլեսլավ Պիռշտուկը, ինքն ու իր գործընկերները նախօրեին ականատեսը եղան գործընթացի շատ հստակ ու լավ կազմակերպված լինելուն.


«Օրենսդրական բազան, որն ընդունվել է, Ընտրական օրենսգիրքը շատ առաջադեմ են և ունեն լավ ապագա: Ես կարծում եմ, որ մեր հայ գործընկերները բավականին լուրջ քայլ առաջ են կատարել»,- շեշտեց նա:


Պիռշտուկի խոսքով, ինչպես խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի, այնպես էլ ընտրողների համար ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ պայմանները ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու համար.


«Մենք շնորհավորում ենք մեր հայ գործընկերներին լավ միջոցառում անցկացնելու կապակցությամբ»,- ընդգծեց նա: 


Իր հերթին ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևը նշեց, որ երեկ ողջ օրվա ընթացքում որևէ լուրջ ահազանգ մասնակից քաղաքական ուժերի կողմից իրենք չեն ստացել, թեև դեռ շաբաթ օրը նրանց հետ հանդիպումների ժամանակ փոխանակվել են կոորդինատներով.


«Այս ամենը հաստատում է այն գնահատականը, որը տվել է մեր առաքելությունը ապրիլի 2-ին կայացած ընտրություններին», - հավելեց Սերգեևը:


Նշենք, որ համաձայն ժամը 11.00-ի տվյալների, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հանրապետական կուսակցություն` 49,15%, Ծառուկյան դաշինք` 27,37%, Ելք` 7,78%, Դաշնակցություն` 6,58%, Հայկական վերածնունդ կուսակցություն` 3,72%, ՕՐՕ դաշինք` 2,07%, Ազատ դեմոկրատներ` 0,94%, Կոնգրես-ՀԺԿ դաշինք` 1,65%, Կոմունիստական կուսակցություն` 0,75%: