Ժամը 20.00-ին, երբ հանրապետությունով մեկ փակվեցին բոլոր 2009 ընտրատեղամասերը և սկսվեց քվեների հաշվարկի գործընթացը, միջազգային հեղինակավոր BS/The Gallup International գործակալությունը իր հայ գործընկեր Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ հրապարակեց էքզիթ-փոլի արդյունքները:
Համաձայն դրանց` հարցվածների 46 տոկոսը պատասխանել է, որ քվեարկել է ՀՀԿ օգտին, 25 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքի: Այս նախնական պատկերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ապագա խորհրդարանում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ` ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, Ելք դաշինք և Դաշնակցություն: Վերջինս, ըստ էքզիթ-փոլի, դժվարությամբ, բայց հաղթահարելու է անհրաժեշտ 5 տոկոսի անցողիկ շեմը:
Այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ Հանրապետական կուսակցությունը, ըստ նախնական պատկերի, քաղաքական մեծամասնություն լինելու խնդիր չունի` ՀՅԴ-ն այսօր էլ իր կոալիցիոն գործընկերն է ու դժվար թե ապրիլի 3-ից հետո ձևավորվելիք նոր խորհրդարանում այլ ուղի ընտրի:
Սրանք, հիշեցնենք, էքզիթ-փոլի արդյունքներն են, նախնական արդյունքները արդեն կհրապարակվեն կեսգիշերից հետո: Բայց քաղաքագետները նշում են, որ էքզիթ-փոլի արդյունքները իրական արդյունքներից էականորեն չեն տարբերվում, ընդամենը մի քանի տոկոս, հետևաբար կարելի է ենթադրել, որ ընտրություններին մասնակցած ուժերից ևս մեկը կարող է հատել անհրաժեշտ 5 տոկոսի կամ 7 տոկոսի շեմը, եթե խոսքը դաշինքի մասին լինի:
Այս պահին ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում է երկրի բարձրաստիճան ղեկավարությունը` ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Որոշ տեղերում որոշ անհամբերներ արդեն հրավառություն են անում՝ մոռանալով, որ այսօր նաև քառօրյա պատերազմի տարելիցն է:
Իսկ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները դեռ հրաժարվում են մեկնաբանություններից` թողնելով դրանք պաշտոնական թվերի հրապարակումից հետո: