20.04.2025
Քաղաքագետ. «Մոռանանք» դիվանագությունն ու  պատրաստվենք վատագույն սցենարին
17.05.2016
Քաղաքագետ. «Մոռանանք» դիվանագությունն ու պատրաստվենք վատագույն սցենարին

Անկախ Վիեննայում արձանագրված հանդիպման արդյունքներից (կամ դրա բացակայությունից) պետք է պատրաստվել վատագույն սցենարին: Նման կարծիք ունի քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը: VERELQ-ի հետ զրույցում քաղաքագետը, անդրադառնալով Վիեննայում նախօրեին կայացած նախագահներ Սարգսյան-Ալիև հանդիպմանը նշեց, որ վատագույն սցենարի մասին խոսում է ոչ միայն անցած գիշերը, երբ նախագահների մակարդակով հանդիպմանը զուգահեռ շփման գծում իրավիճակի սրացումները շարունակվեցին ու, ցավոք, հայ զինծառայող զոհվեց, այլև տարիներ ի վեր Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ փաստերը: «Ուստիև, պետք է որոշ դեպքերում «մոռանալ», թե ինչ է կատարվում դիվանագիտական ճակատում և ինտենսիվորեն պատրաստվել»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը: Հիշեցնենք, Վիեննայում մայիսի 16-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության պատասխանատուները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»: