21.04.2025
Փոխոստիկանապետ. Առայժմ Սեֆիլյանին ազատ արձակելու և զինված խմբի մոտ բերելու նպատակ չկա
17.07.2016
Փոխոստիկանապետ. Առայժմ Սեֆիլյանին ազատ արձակելու և զինված խմբի մոտ բերելու նպատակ չկա

Զինված խմբի պահանջները չեն կատարվել, մասնավորապես՝ Ժիրայր Սեֆիլյանն ազատ չի արձակվել: Չնայած դրան ընթանում են բանակցություններ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: «Առայժմ Սեֆիլյանին ազատ արձակելու և զինված խմբի մոտ բերելու նպատակ չկա»,- նշեց նա: Վերջինիս խոսքով՝ ոստիկանության և իրավապահ մարմիների հատուկ ստորաբաժանումները բերված են մարտական վիճակի, սակայն նրանց հատուկ գործողություններ կատարելու ցուցում տրված չէ: Պողոսյանը նշեց, որ շարունակում են պատանդներին պահել, ովքեր ոստիկանության աշխատակիցներ են: Ընդհանուր վիրավորների թիվը չորսն է: Նրանից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը՝ ծանր: Նրանք, մասնավորապես, հրազենային վնասվածքներ են ստացել մարմնի տարբեր հատվածներում: Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը սպանվել է հրազենային հարձակման արդյունքում: Անդրադառնալով տարածված լուրերին Հունան Պողոսյանը տեղեկացրեց, որ ի սկզբանե խումբը զինված հարձակում է գործել, ոչ թե զենքն առգրավել ներսում: Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանի մոտ 3 տասնյակ կողմնակիցներ, լուսադեմին «Կռազ» մակնիշի մեքենայով կոտրել են ոստիկանության ՊՊԾ գնդի դարպասները, ներխուժել, կրակոցներ արձակել եւ պատանդ են պահում այնտեղ եղած ոստիկաններին: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկուս՝ վիրավերվել: Սեֆիլյանի կողմանկիցները պահանջում են ազատ արձակել արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչներ Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին ու Ոլոդյան Ավետիսյանին: Բացի այդ նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: