Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ Երեւանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից: Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։ Ոստիկանների վնասվածքները բութ եւ կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։ Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։ Նախարարությունը հայտնում է, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում եւ տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին եւ որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելի վաղ նշել էինք, որ Նաիրի ԲԿ է տեղափոխվել երեք ոստիկան, նրանցից մեկը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: