ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ եւ ԱԽ քարտուղարին հանձնարարվել է ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Անվտանգության խորհրդի քննարկմանը, ապա ԱԺ հաստատմանը:
ՀՀ-ն մոտակա տարիներին բախվելու է մի շարք մարտահրավերներին և ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը պետք է տա այդ մարտահրավերներին համապատասխան լուծումներ և հստակ ճանապարհային քարտեզ:
ՀՀ-ն շարունակելու է տարիներ շարունակ բախվել թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական գործողություններին տարածաշրջանում: Ադրբեջանը շարունակելու է զինվել, ավելացնել ռազմական բյուջեն և ՀՀ-ին ու Արցախին թելադրելու է սպառազինությունների մրցավազք: Հայաստանի ֆինանսա-տնտեսական ռեսուրսները չեն բավարարելու մրցակցելու Բաքվի հետ ռազմական ոլորտում և այս առումով ՀՀ-ի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ պետք է հստակ ամրագրվի ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի մասին դրույթը, այդ թվում՝ ռազմա-տեխնիկական համագործակցության առումով ու ՀԱՊԿ-ին անդամակցելու առումով:
ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ ռազմական, դաշնակցային կապերը թույլ են տալիս ՀՀ-ին իր սուղ ռազմական բյուջեի շնորհիվ գնել նորանոր զինատեսակներ Ռուսաստանից ներքին գներով ու այդ կերպ դիմակայել սպառազինությունների մրցավազքին ու պահպանել ռազմական բալանսն Արցախում:
Բացի Ադրբեջանից, Հայաստանի համար սպառնալիք է նաև Թուրքիան, որը փակ է պահում հանրապետության հետ սահմանն ու իրականացնում Հարավային Կովկասում ՀՀ-ին մեկուսացնելու քաղաքականություն՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կոալիցիայի միջոցով: Երևանի համար ռազմական տեսանկյունից Թուրքիան անշուշտ սպառնալիք է, քանի որ այն ունի մեկ միլիոնի հասնող բանակ:
Անկարան շարունակելու է իր հակահայկական քաղաքականությունը մոտակա տասնամյակների ընթացքում և ՀՀ-ն պետք է հստակ ամրագրի նոր ռազմավարության մեջ, որ ռուսական զորքերի ներկայությունը մեր երկրում այլընտրանք չունի և հայ-թուրքական սահմանի անվտանգությունն անհնար է ապահովել առանց Մոսկվայի ռազմական ներկայության՝ առաջին հերթին 102-րդ ռազմաբազայի միջոցով:
Այսինքն, տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու, անվտանգության, ռազմական բալանսի ապահովման տեսանկյունից Հայաստանի ազգային շահերը փոխկապակացված են ՌԴ-ի գեոպոլիտիկ շահերին ու դա պետք է հստակ ամրագրվի Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ:
Բացի արտաքին սպառնալիքներից մեր երկրի առջև ծառացած են նաև բազմաթիվ ներքին խնդիրներ՝ տնտեսական, սոցիալ-տնտեսական և դեմոգրաֆիկ, որոնք նույնպես սպառնում են ՀՀ-ի ապագային:
Կառավարությունը պետք է կարողանա պահպանել արտաքին վեկտորում առկա հարաբերությունները ՌԴ-ի հետ, որպես թիվ մեկ դաշնակից, ինչպես նաև փորձի փնտրել ուժային այլ կենտրոնների հետ համագործակցության հնարավորություն՝ Չինաստան, Իրան և այլն:
Իսկ ներքին կյանքում տնտեսական բարեփոխումների դինամիկան պետք է ավելանա ամեն օր, որպեսզի բնակչությունը զգա կենսամակարդակի դրական փոփոխություն, հակառակ պարագայում շարունակվելու է արտագաղթը, որը ոչ պակաս սպառնալիք է ազգային անվտանգությանը, քան Ադրբեջանն ու Թուրքիան: