Սերժ Սարգսյան. 2040թ-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը պետք է հասցնել մոտ 15000 դոլարի
Հայաստանն այսօր պայքարի երկու ճակատ ունի՝ մեկն արտաքին թշնամին է, մյուսը՝ ներքին: Արտաքին թշնամուն լավ ենք ճանաչում, գիտենք նաև նրա դեմ արդյունավետ պայքարելու ձևերն ու եղանակները: Փառք ու պատիվ մեր նահատակ զինվորներին ու սպաներին, փառք ու պատիվ այսօր սահմանին կանգնած մեր զինվորին ու սպային: Բայց արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին: Ներքին թշնամին, որոշակի մտածողությունն ու որոշակի երևույթներ են: Այդ երևույթներից ամենավտանգավորը, թերևս, անարդարությունն է: Այս մասին վեցերորդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Ուստի այսօր, ըստ նախագահի, առավել քան երբևէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարևոր է.
«Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը: Միայն լավ օրենքներով այս չարիքը մեզնից չենք կարող հեռացնել, ինչպես որ միայն լավ դեղամիջոցներով չենք կարող բուժվել, եթե չենք հավատում մեր ուժերին, մեր բուժվելուն ու ներքին ողջ լարումով դուրս չենք գալիս ներսից մեզ հյուծող չարիքի դեմ: Վստահ եմ, որ Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքը, Դատական օրենսգիրքը, այս ոլորտին առնչվող այլ կանոնակարգումները և բոլորիս համատեղ ջանքերը նոր որակի են բարձրացնելու մեր արդարադատությունը: Այս ճանապարհին ցանկացած թուլացում անընդունելի է, այս ճանապարհից ցանկացած շեղում՝ դատապարտելի»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, երկրի ղեկավարը նշեց, որ այդ ամենից արձանագրել է մեկ բան՝ մենք պետք է կառուցենք ուժեղ Հայաստան, քանզի սա էր, ի վերջո, բոլորի ասածը և սա՛ է մեր ազգային նպատակը.
«Համոզված եմ, որ այս նպատակին են ուղղված եղել նախկին և ներկա կառավարությունների ջանքերն ու աշխատանքը: Այդ նպատակին են ուղղված լինելու նաև վաղվա կառավարությունների ջանքերը: Հետևաբար, խիստ կարևորում եմ այնպիսի երկարաժամկետ նպատակային տնտեսական ցուցանիշների ամրագրումը, որոնց իրագործելը Հայաստանի կառավարությունների համար կլինի ոչ միայն պարտավորություն, այլև պատվի և արժանապատվության հարց»:
Հիշեցնելով, որ մենք չունենք ածխաջրածիններ և մեծաքանակ այլ բնական ռեսուրսներ, Սերժ Սարգսյանն ասաց, որ դրա փոխարեն Հայաստանի եզակի բնակլիմայական պայմաններն ու աշխարհագրական դիրքը և ամենակարևորը՝ ստեղծագործ ու նախաձեռնող քաղաքացիները մեր տնտեսության երկարատև կայուն աճի ու մարդկանց բարեկեցության բարձրացման կարևոր և իրատեսական գրավականներն են: Առավել ևս, որ բնական պաշարները սպառվելու հատկություն ունեն, մարդկային ներուժը՝ ոչ։ Հայաստանը, ըստ նրա, բոլոր հայաստանցիների համար պետք է լինի ապրելու և ինքնադրսևորվելու ամենաբարենպաստ և ապահով երկիրը, իսկ այդ նպատակին հասնելու համար կարևորագույն նշանակություն ունեն նաև այնպիսի տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը, որը նպատակաուղղված է կայուն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը:
«Անհրաժեշտ է, որ տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը զգալիորեն բարձր լինեն տնտեսական աճի միջազգային միջին տեմպերից, որպեսզի աստիճանաբար կրճատվի Հայաստանի և զարգացած երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշների տարբերությունը: Մասնավորապես, 1990-2015 թվականների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2 միլիարդ 257 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 10 միլիարդ 529 միլիոն ԱՄՆ դոլարի՝ աճելով մոտ 4.7 անգամ: 2016-2040 թվականների ընթացքում ևս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները»,- թվարկել է նա:
Հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները և ներկայիս տնտեսական իրավիճակը՝ պետությունը պրոակտիվ ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության մեջ: Պետությունը պետք է խրախուսի և խթանի հատկապես մրցունակ, արտահանման մեծ պոտենցիալ ունեցող և հիմնականում տեղական ռեսուրսների վրա հիմնված ոլորտները և, ինչու չէ, նաև կոնկրետ ծրագրերի զարգացումն ու իրականացումը: Սերժ Սարգսյանի խոսքով՝ պետություն-մասնավոր համագործակցության բնագավառում զգալի հաջողությունների ենք հասել ենթակառուցվածքների, հատկապես ջրամատակարարման, օդային հաղորդակցության ոլորտներում, սակայն տնտեսության շատ ոլորտներ դեռևս անմասն են մնացել համագործակցության նշված ձևի բարենպաստ արդյունքներից: Ուստի անհրաժեշտ է, շեշտեց նա, հստակ նպատակային աշխատանք տանել տնտեսության տարբեր ճյուղերում պետություն-մասնավոր գործակցության մատչելիության բարձրացման և կիրառման հնարավորությունների ընդլայնման համար՝ հաշվի առնելով միջազգային և հայաստանյան փորձը:
«Անհրաժեշտ է շարունակաբար բարելավել բիզնես միջավայրն ու վերացնել գործարար խոչընդոտները՝ հաշվի առնելով նաև տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցների, մասնավորապես՝ գործարարությամբ զբաղվելու և մրցունակության զեկույցները: Դրանք մեր տնտեսությունը համադրելի են դարձնում 150-ից ավելի տնտեսությունների հետ և մատնանշում են այն խնդիրները, որոնց լուծումները կբարելավեն Հայաստանի գրավչությունն ու մրցունակությունը: Մեր նպատակն է առաջիկա 4-5 տարիների ընթացքում գործարարությամբ զբաղվելու «Դուինգ բիզնեսի» վարկանիշով առաջադիմել մինչև առաջին 20-յակը և հետագա տարիներին կայուն տեղ զբաղեցնել առաջին 15 հորիզոնականներում: Սա մեզ շատ է հարկավոր»։
Հաջորդը՝ արտահանման խթանման և մրցունակության բարձրացման հետևանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների և ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետև նույն միտումը պահպանելով՝ այն 2040 թվականին պետք է հասնի մինչև ՀՆԱ 50-55 տոկոսը:
«Հայտնի է, որ կան որոշակի առանձնահատկություններ հայկական արտադրանքն արտաքին շուկաներ հասցնելու հարցում, ինչը հանգեցնում է տրանսպորտային ծախսերի թանկացմանը: Այս ուղղությամբ պետք է անընդհատ և նպատակային աշխատանք տանել ավելի բարենպաստ տրանսպորտային ենթակառուցվածքներ ունենալու համար, սակայն միաժամանակ պետք չէ ամենալավատեսական սցենարների վրա հիմնված նախաձեռնություններ ծրագրել: Մենք պատրաստ պետք է լինենք անգամ ամենածանր պայմաններում մրցունակ լինել, իսկ նշված պայմանների փաստացի բարելավումն ավելի մրցունակ կդարձնի հայկական արտադրանքը: Տնտեսական ծրագրերը մշակելիս՝ այս խնդիրների վերաբերյալ մեր կանխատեսումներն անհրաժեշտ է իրականացնել պահպանողական սցենարով, այսինքն` հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկու հարևանների հետ մեր հարաբերությունները բարելավման միտում չունեն: Դա, սակայն, չի նշանակում, որ մենք չենք անելու մեզնից կախված ամեն ինչ դրանք բարելավելու նպատակով»,- հավելեց նախագահը: