Մամուլ. Ո՞վ կլինի ՀՀ հաջորդ նախագահը. քննարկվում է Գագիկ Հարությունյանի թեկնածությունը
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին դարձյալ թարմացվել են հին խոսակցություններն այն մասին, թե Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 2018–ի մարտին, ճիշտ այն ժամանակ, երբ լրանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ «փուլը», հրաժեշտ է տալու պաշտոնին: Իշխանական վերնախավում քննարկվում է 2018 թվականին Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակել–ընտրելու հարցը: ՍԴ նախագահն այն ժամանակ կդառնա 70 տարեկան, այդ պաշտոնի համար անհրաժեշտ փորձ ունի, նաեւ անկուսակցական է, ինչը պարտադիր է նախագահի պաշտոնում նշանակվելու համար: Ճիշտ է, նոր Սահմանադրությամբ սահմանափակ են ՀՀ նախագահի լիազորությունները, բայց, ինչպես ասում են, ոչ թե պաշտոնն է զարդարում մարդուն, այլ մարդը պաշտոնը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանի պատգամավոր դառնալուց հետո նրա տեղը կառավարությունում թափուր է մնացել: Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում թափուր տեղի համալրում է սպասվում: Մասնավորապես՝ հնարավոր է առաջիկայում վարչապետի մեդիայի հետ աշխատանքների գծով խորհրդական նշանակվի Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Դիանա Մնացականյանը: Նա կառավարությունում աշխատելու փորձ ունի: Հ1-ից հեռանալուց հետո կես տարի Մնացականյանը զբաղեցրել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնը: Սակայն 2009թ. ապրիլին կրկին վերադարձել Հ1»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի որոշմամբ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, որը նշանակվել էր նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք եւ նրա մտերիմներից էր, ազատվել է աշխատանքից: Թե ով կփոխարինի նրան, երեկ չհստակեցվեց։ Տեղեկություն կա, որ այդ տեղը «բացում են» նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի համար, ով Շիրակում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր, բայց չհաղթահարեց անցողիկ շեմը՝ զիջելով Արման Սահակյանին եւ Ֆելիքս Ցոլակյանին։ Ա․ Առաքելյանը երեկ մեզ ասաց, որ ազատվել է իր դիմումի համաձայն։ «Վաղուց էի այդպես որոշել, ուղղակի մնացի, մի քիչ ուշ դուրս եկա։ Ես ուզում եմ աշխատանքիս տեղը փոխեմ»։ Իսկ ո՞ր ոլորտում եք աշխատելու։ «Կերեւա, մի քիչ հանգստանամ՝ հետո»։ Իսկ հնարավո՞ր է, որ ազատել են Մարտուն Գրիգորյանի համար։ «Ես չգիտեմ, նման բան չգիտեմ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մաքսային մարմինները փող աշխատելու նոր տարբերակ են մտածել։ Բանն այն է, որ Հայաստան ներկրվող լազերային հաստոցները, որոնք հիմնականում օգտագործվում են փայտամշակման կամ կահույքի արտադրության մեջ, պարտադիր փորձաքննության պետք է ենթարկվեն, իսկ փորձաքննություն իրականացնողը «Էն փի սի» ՍՊԸ-ն է, որը փորձաքննության համար գումար է պահանջում, օրինակ, մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության պատասխանը տրամադրելն արժե 60 հազար դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելը՝ 12 հազար դրամ։ Այս ընկերությունը կապվում է օրերս Բավրայի գործով ձերբակալված պաշտոնյաներից մեկի հետ։ Ներկրողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ հուսով են, այլեւս գումար չեն գանձի փորձաքննություն կոչվածների համար, ու ապրանքը հնարավոր կլինի արագ դուրս բերել մաքսային տերմինալից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ մայիսի 29-ի գիշերը թալանել են Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի առանձնատունը, գողացել են մոտ 15 թանկարժեք կոնյակ։ Իսկ դրանից առաջ թալանել էին Սեւանի նախկին ոստիկանապետ Վանիկ Ստեփանյանի տունը, ով այդ ժամանակ գտնվել էր արտերկրում։ Ոստիկանությունից հաստատեցին նախկին քաղաքապետի տունը թալանելու լուրը՝ նշելով, որ մայիսի 29-ին հաղորդում են ստացել, որ մայիսի 18-29-ը մեխանիկական ներգործության միջոցով պատուհանի ճաղավանդակը տեղահանելով եւ բացելով, մուտք են գործել Սեւանի Նաիրյան փողոցի 20 հասցեում գտնվող առանձնատուն, գողացել խմիչքներ, ոսկյա զարդեր։ Կապվեցինք նաեւ Ռուդիկ Ղուկասյանի հետ։
«Խուլիգանություն են արել, էլի, Երեւան եմ եղել, օգտվել են առիթից, մեծ բան չէ, սուվենիրնի կոնյակներ են տարել, մամայիս տված ոսկեղենը, դե, ես ոսկեղեն չեմ կրում»,-ասաց Սեւանի նախկին քաղաքապետը։ Դիտարկմանը, թե փաստորեն ուրացել են, որ այդքան տարի քաղաքապետ եք եղել, Ռուդիկ Ղուկասյանի ինքնասիրությունը շոյվեց․ «Կյանքը տենց է, եթե ուզում ես ցորեն ստանաս, ավելի շատ պայքարում ես մոլախոտի դեմ, չարը շատ է, լուրջ մարդիկ դժվար լինեն»։ Ի դեպ, նախկին քաղաքապետը մեզ հետ զրույցում հաստատեց, որ վերջերս թալանել են նաեւ նախկին ոստիկանապետի տունը՝ նշեց, որ հավանաբար նույն մարդիկ են եղել, նույն ձեռագիրն է։ «Ժամանակի ընթացքում Սեւանը ոստիկանապետ չի ունեցել, դրա համար էլ տենց է, Վիգեն Աղեկյանի կեղտերն են, նա է Սեւանն այդ վիճակին հասցրել, իսկ հիմիկվա ոստիկանապետը շատ կարգին անձնավորություն է, նե՜նց բաժին է սարքել»։ Ի դեպ, Ղուկասյանն այժմ զբաղվում է մասնավոր գործերով, Մոսկվա է գնում-գալիս որդու բիզնես գործերի բերումով։ Հարցին, թե պաշտոն չե՞ն առաջարկել, պատասխանեց․ «Շնորհակալ ենք շատ»։