Հուլիսին Արցախի Հանրապետության ողջ տարածքում իրականացվել է զանգվածային սոցիոլոգիական հետազոտություն՝ ուղղված Արցախի բնակչության սոցիալ-քաղաքական դիրքորոշումները, պատկերացումներն ու սպասումներն ուսումնասիրելու։ Հետազոտությունն իրականացրել էր հայաստանյան «ԷՄՊԻՐԻԿԱ» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը:
«Ու՞մ կցանկանային տեսնել Արցախի նախագահի պաշտոնում» հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. հարցվողների բավականին մեծ թիվ դեռևս կողմնորոշված չէ իրենց նախապատվություններում՝ «դժվարանում եմ պատասխանել» տարբերակը նշել են 28.4% – ը, այնուհետև՝ բավականին մեծ թվով հարցվածներ նշել են Արայիկ Հարությունյանի անունը (14.2%), երկրորդ տեղում է Սամվել Բաբայանը (11.3%), իսկ երրորդ տեղում՝ Վիտալի Բալասանյանը (7.3%) : Հարցման ընթացքում հնչած մյուս գործիչների անունները բավականին ցածր տոկոս հարցվողներ են նշել:
Սոցհարցումները ցույց են տալիս ուժերի այն բալանսն, որն այս պահին ձևավորվել է Արցախի ներքաղաքական դաշտում: Հարությունյանը մի փոքր առավելություն ունի Սամվել Բաբայանի նկատմամբ, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հարությունյանն, ի տարբերություն Բաբայանի, վերջին տարիներին զբաղեցրել է Արցախի վարչապետի պաշտոնն ու ունեցել է մեծ ֆինանսական և վարչական ռեսուրսներ՝ նա նաև խոշոր գործարար է Արցախում և նրա էլեկտորատն ավելի մեծ է հենց այս ռեսուրսների շնորհիվ:
Բաբայանը վերջին տասնամյակներին բացակայել է Արցախից և հեռու է մնացել ներքաղաքական զարգացումներից: Բաբայանը չունի բիզնես և այլ վարչական լծակներ Արցախում՝ տարիներ շարունակ գործող իշխանությունները նրա դեմ սև PR-ն են իրականացրել: Այսպիսի ճնշումների ու ներքաղաքական դաշտում նրա պասիվության պայմաններում Բաբայանի այսպիսի ցուցանիշները՝ նա մի փոքր է զիջում Արայիկ Հարությունյանին, խոսում են այն մասին, որ Արցախի հասարակությունը չի մոռացել այն մեծ ավանդը, որ նա ունեցել է պատերազմի տարիներին:
Բացի այդ, հազարավոր մարդիկ ստորագրել են նրա թեկնածության համար, որպեսզի նա կարողանա մասնակցել 2020թ.-ի նախագահական ընտրություններին, իսկ դա նշանակում է, որ Արցախի բնակչությունը հոգնել է գործող քաղաքական դեմքերից և կարիք ունի փոփոխությունների ու ամենակարևորն ուժեղ ձեռքի, քանի որ պատերազմի վտանգն ամեն օր կախված է Արցախի վրա: Այս պայմաններում արցախցիներն իրենց անվտանգության երաշխիք են համարում Սամվել Բաբայանին:
Ֆավորիտների եռյակը, ըստ սոցհարցման, եզրափակում է Վիտալի Բալասանյանն, ով նույնպես Արցախի հերոս է և պատերազմով անցած գործիչ: Նա այն թեկնածուն է, ով, ենթադրվում է, ձայներ է փախցնելու Սամվել Բաբայանից, քանի որ նրանց մեջ առկա են իմիջային նմանություններ՝ կռված զորահրամանատար և պատերազմի հերոս: Հնարավոր է, որ Բալասանյանը գալիք ընտրություններում խաղա նաև որոշակի սպոյլերի դեր՝ իր կողմ քաշելով Բաբայանի ձայները, դրա դիմաց ապագայում ստանալով քաղաքական դիվիդենտներ պաշտոնի կամ այլի տեսքով:
Հարցվածների գերակշռող մեծամասնությունը՝ 95.5%, որևէ քաղաքական կուսակցության չեն անդամակցում:
Արցախցիների մեծամասնությունն ապաքաղաքական է՝ վերկուսակցական, այսինքն նրանք չեն անդամակցում որևէ կուսակցության և ապագա ընտրություններում նրանց ձայնը գնալու է այն թեկնածուին, ով ունի անձնական բարձր վարկանիշ՝ դրական համբավ և ռեսուրսներ Արցախում:
Այս պայմաններում գալիք ընտրություններում իրոք ֆավորիտ են Արայիկ Հարությունյանն՝ իր վարչական, բիզնես և այլ լծակներով, այդ թվում կուսակիցների մեծ թիմով և Սամվել Բաբայանն, ով ունի պատերազմի հերոսի, հաղթած հրամանատարի համբավ՝ չունենալով կուսակիցներ, ֆինանսական և վարչական լծակներ: Բացի այդ, գործող իշխանությունները նրա դեմ եմ կիրառում և կիրառելու են սև PR-ի և այլ ճնշման միջոցներ:
Սոցհարցման համաձայն, բնակչության 61.8%-ը ոչ մի կուսակցության չի համակրում: Համակիրների ամենաբարձր տոկոսն ունի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը՝ 16.9%, որի նախագահն է Արայիկ Հարությունյանը:
Այսպիսով, 2020թ.-ի ընտրությունների նախաշեմին հաղթելու ամենամեծ շանսերն ունեն Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը՝ Կոմանդույուշին, ովքեր դեռևս չեն սկսել նախընտրական քարոզարշավը, որը կարող է ազդել ընտրողների տրամադրությունների վրա:
Արցախցիների տրամադրությունների և վերջնական ընտրության վրա կարող են ազդել բավականին շատ գործոններ՝ իրավիճակը սահմանում, Երևանից եկող մեսիջներն ի պաշտպանություն որևէ թեկնածուի, ինչպես նաև գրագետ կազմակերպված նախընտրական քարոզարշավն ու թեկնածուների թիմերի մոբիլիզացիոն լծակներն ընտրությունների օրը: