2025 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,6 տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ` շեշտադրելով հարկաբյուջետային եւ պարտքի կայունության, ինչպես նաեւ տնտեսական ներուժի վերջին տարիների ձեւավորված մակարդակի պահպանումը: Գնահատվում է, որ 2025 թվականի տնտեսական աճի նպատակադրված մակարդակի ապահովման հրամայականը կդառնա տնտեսական ներուժի պահպանումը եւ աճի ավելացման համար անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացումը: Այս մասին հոկտեմբերի 28-ին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ-ի` 2025 թվականի վարչական ծախսերն ու կապիտալ ներդրումները: Ըստ Կենտրոնական բանկի նախագահի` քննարկվող բյուջեի նախագծով նախանշված տնտեսական աճի, օրենսդրական բարեփոխումների, հարկային վարչարարության բարելավման եւ իրականացվող հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում 2025 թվականի համար ծրագրավորվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ընթացիկ տարվա սպասվող ցուցանիշի համեմատ 0,7 տոկոսային կետով աճ, որի արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 25 տոկոսը: Գնահատվում է, որ 2025 թվականի ՀՀ բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա հիմնականում կունենան զսպող ազդեցություն: «Նախանշված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2025 թվականին Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի մեծ չափով` 3,2 տոկոսային կետով եւ կկազմի 53 տոկոս: Հարկ է նշել, որ միջնաժամկետում` բյուջեի պակասուրդի մակարդակի նվազմանը համահունչ, պարտքի աճի տեմպը եւս կնվազի եւ Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կմնա կայուն` 54,6 տոկոսի շրջանակում»,- մանրամասնել է ԿԲ նախագահը: Նրա դիտարկմամբ պարտքի կայունության ապահովման, Կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից կարեւոր է շեշտադրել սեփական միջոցների հաշվին պետական ծախսերի իրականացման, ինչպես նաեւ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համատեքստում պարտքի կառավարման համարժեք եւ արդյունավետ ռազմավարության կիրառումը: Մարտին Գալստյանը տեղեկացրել է, որ Կառավարության գործընկերների հետ սկսվել են քննարկումները գնաճի նոր թիրախի սահմանման վերաբերյալ եւ արդյունքների վերաբերյալ կտեղեկացնեն ԱԺ գործընկերներին: ԿԲ-ի 2025 թվականի կապիտալ ներդրումների ծրագիրը կազմում է 8 մլրդ դրամ: Եկող տարվա բյուջեում ԿԲ-ն նախատեսել է մի քանի նոր նախագծեր: