Հոկտեմբերի 31-ին կառավարությունը հաստատել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի վերակառուցման տիպային նախագծերի մշակման ծրագիր՝ հատկացնելով ավելի քան 42 միլիոն դրամ նախագծային աշխատանքների համար: 2023 թվականի պետական բյուջեի շրջանակներում մեկնարկում է քաղաքաշինական կարևոր ծրագիր՝ ուղղված անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանը: Ծրագիրը նախատեսում է բազմաբնակարան շենքերի տիպային նախագծերի մշակում, որոնք կտեղակայվեն վեց հողատարածքներում՝ չորսը Գյումրիում (Շիրակի մարզ) և երկուսը Վանաձորում (Լոռու մարզ): Ծրագրի իրականացման համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեն կնքել է երկու պայմանագիր՝ մեկը Նորաշեն ՆՏ արտադրական կոոպերատիվի հետ 39.9 միլիոն դրամի չափով, մյուսը՝ Արխիտեկտ ընկերության հետ 2.14 միլիոն դրամի չափով: Պայմանագրերի համաձայն՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը կիրականացվի փուլային եղանակով, ընդ որում առաջին փուլի վճարումը կկազմի ընդհանուր արժեքի 45%-ը: