29.11.2024
Բնապահպաններն ահազանգում են. Սևանա լճի մակարդակն իջել է 25 սմ-ով
31.08.2017
Բնապահպաններն ահազանգում են. Սևանա լճի մակարդակն իջել է 25 սմ-ով

Սևանա լճի մակարդակն իջել է 25 սմ-ով: Այս մասին ահազանգում է Ecolur-ը: Սույն թվականի օգոստոսի 30-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900, 66մ, ինչը 25 սմ-ով ցածր է այս տարի հունիսին Սևանա լճի ունեցած ամենաբարձր մակարդակից: Լճի մակարդակը սկսեց իջնել Սևանից իրականացվող ջրբացթողումների արդյունքում: Այս տարի Սևանից իրականացվում է օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ի փոխարեն 270 միլիոն խմ ջրառ: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 242.291 միլիոն խմ ջուր: 2017թ-ի ընթացքում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է հոսել 80.018 միլիոն խմ ջուր, իսկ ստորգետնյա հոսքը կազմել է 19.076 միլիոն խմ: Աղբյուրը հիշեցնում է, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար հաշվարկված է լճի մակարդակը մինչև 2030 թվականը բարձրացնել մինչև 1905 մ` հաշվի առնելով ալիքի բարձրությունը: Հիշեցնենք, հուլիսին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց ՀՀ կառավարության մշակած՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով թույլ տրվեց 2017 թվականին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի լրացուցիչ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնել: Բնապահպաններն ու ընդդիմությունը ահազանգում էին փոփոխության վտանգավորության համար՝ բարձրաձայնելով հիմնական հարցը՝ ո՞ւմ շահերի համար է Կառավարությունը զոհում հայրենի բնությունը: