25.11.2024
Պացիենտ, ի՞նչ գանգատներ ունեք. Միքայել Մինասյանն արձագանքել է Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը խիստ վտանգավոր է. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

Իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին կոչ ենք անում՝ դադարեցնել հակասահմանադրական ընթացքը և զերծ մնալ հակապետական գործողություններից։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը՝ անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելույթ-կոչին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հայտարարությանը, որ ՍԴ նախագահի լիազորությունները կասեցնելու գործընթաց են սկսում։


Հայտարարության տեքստը՝ ստորեւ․


«Վերջին ամիսներին, անդրադառնալով դատաիրավական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին, մեր մտահոգությունն էինք հայտնել քաղաքական իշխանության կողմից դատարանների և դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու անթույլատրելիության վերաբերյալ:


Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելույթ-կոչը և ԱԺ Իմ Քայլը խմբակցության ղեկավարի հայտարարությունը ոչ միայն եկան հաստատելու մեր մտահոգությունը, այլև ամրագրելու այն իրողությունը, որ իշխող քաղաքական ուժը որդեգրել է ամբողջական մենիշխանություն հաստատելու և սահմանադրական կարգի տապալման ուղին:


Հանրային պահանջի անվան տակ, իսկ իրականում առաջնորդվելով սեփական շահերով՝ պետության ինստիտուցիոնալ հենքը կազմաքանդող, երկրում անհանդուրժողականությունն ու ցնցումները խորացնող այս վարքագիծը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ:


Դատական համակարգի յուրացման նպատակադրումը անհամատեղելի է երկրին այդքան անհրաժեշտ դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ:


Դաշնակցությունը, լինելով հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար պատասխանատու քաղաքական ուժ՝ Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը գնահատում է խիստ վտանգավոր:


• Իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին կոչ ենք անում՝ դադարեցնել հակասահմանադրական ընթացքը և զերծ մնալ հակապետական գործողություններից:


• Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված արդարադատություն իրականացնելու առաքելությանը։


• Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին և հանրությանը կոչ ենք անում համախմբվել իրական ազգային օրակարգերի շուրջ։


Համարժեք քայլերով և գործողություններով հակազդելու ենք իշխանությունների բոլոր այն ծրագրերին, որոնք խաթարելու են երկրում Սահմանադրական նորմերի ամբողջականությունը և ներհասարակական կայունությունն ու զարգացումը»։