29.11.2024
Երևանի ավագանու հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները դեմ են փողոցների անվանափոխությանը
05.09.2017
Երևանի ավագանու հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները դեմ են փողոցների անվանափոխությանը

Սեպտեմբերի 2-ին Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ավագանու որոշման մի շարք նախագծեր, այդ թվում՝ փողոցների անվանակոչության «Ելք» խմբակցության անդամների կողմից առաջարկված որոշման նախագծերը: Երևանի ավագանու Ելք խմբակցությունից հայտնում են, որ հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ որոշել է բացասական եզրակացություն տալ փողոցների անվանակոչության վեց նախագծերին: Կասյան փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզե փողոցը՝ Ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյան փողոցը՝ Լեոնիդ Ազգալդյանի անուններով անվանափոխելու նախագծերին միաձայն դեմ են քվեարկել հանձնաժողովում ՀՀԿ խմբակցության 11 անդամները՝ պատճառաբանելով հանրային կարծիքի ուսումնասիրության բացակայությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ տվյալ փողոցների անվափոխությունը նպատակահարմար չեն համարում՝ առաջարկելով նախագծում նշված անունների համար փնտրել այլ փողոցներ: Միայն մեկ դեպքում էր, երբ ՀՀԿ ներկայացուցիչներից չորսը հրաժարվեցին նախապես որոշված քվեարկության տրամաբանությունից և ձեռնպահ մնացին Իսակով պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհը Մոնթե Մելքոնյանի անունով կոչելու նախագծին: «Ելք» խմբակցության ներկայացուցիչները շեշտել են, որ այս դիրքորոշմամբ ՀՀԿ անդամները փորձում են խուսափել սույն թվականի մայիսի 14-ին իրենց տրված մանդատն իրացնելու պատասխանատվությունից, ինչպես նաև լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում հանձնաժողովի համար՝ իրեն վերապահված լիազորություններն իրացնելու, փորձ անելով հետաձգել հանրային լուրջ հնչեղություն ստացած հարցի լուծումը: «Ելք» խմբակցության անդամները նաև արձանագրեցին, որ ՀՀԿ ներկայացուցիչների մի մասը չէր ուսումանսիրել առաջարկված նախագծերի հիմնավորումները` պարզապես ենթարկվելով խմբակցության` նախապես որոշված մարտավարությանը նախագծերը տապալելու ուղղությամբ: Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները համաձայնություն են ձեռք բերել առաջիկայում հանրային կարծիքի վերհանման մեխանիզմները քննարկելու վերաբերյալ՝ մասնավորապես տեղական հանրաքվե իրականացնելու միջոցով, որը որպես հանրային կարծիքի արտահայտման միջոց ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ և Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքով: Այժմ նախագծերը պետք է օրակարգում ներառվեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ համաձայն «Երևան քաղաքի կանոնակարգն ընդունելու մասին» Երևանի ավագանու որոշման 20-րդ, 22-րդ, 27-րդ հոդվածներով սահմանված կարգով: Նշենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի. «Երևանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են, մենք համագործակցում ենք, և մենք չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանափոխել: Մենք հարմար չենք գտնում այդ փողոցը վերանվանել»,- ասել էր նա: